«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԵԼ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ»

«Երբեւէ որեւէ հրատարակիչ փորձե՞լ է խուսափել իր գրքի գովազդից», հարց է տալիս նշանավոր լրագրող Ռոբերտ Ֆիսքն իր նոր հոդվածում, որը մարտի 17-ին լույս է տեսել «Դը Ինդիփենդենթ» անգլիական թերթում: Հոդվածն առնչվում է հեղինակի նշանավոր «Մեծ պատերազմը քաղաքակրթության համար» գրքի թուրքերեն հրատարակության հետ, որի մասին «Ազգը» տեղեկացրել էր նախապես: Պարզվում է, ինչպես գրում է Ֆիսքը, գրքի թուրքերեն թարգմանության հրատարակիչները մտավախություն ունեն տխրահռչակ 301-րդ հոդվածի տակ ընկնելուց, մասնավորաբար գրքի «Առաջին Հոլոքոսթը» գլխի համար, որտեղ ներկայացվում է Հայոց ցեղասպանությունը: Դեռեւս Հրանտ Դինքի սպանությունից առաջ, գրում է անգլիացի լրագրողը, Ստամբուլից իր գրքի հրատարակիչները նամակ են հղել Լոնդոնում իր հրատարակիչ «ՀարպըրՔոլինզ» ընկերությանը, թե նկատի ունենալով, որ Թուրքիայում Հայկական ու Քրդական հարցերի, ինչպես նաեւ Կիպրոսի կնճռի ու Եվրոմիության խնդրի նկատմամբ մթնոլորտը հետզհետե ավելի է վատթարանում, իրենք ստիպված են հրաժարվել Ֆիսքի գրքի համար գովազդային արշավից: Թուրք հրատարակիչը նույն նամակում խնդրել է նաեւ, որ եթե գրքի հրատարակման առթիվ իր դեմ դատական գործ հարուցվի, Ռոբերտ Ֆիսքը դատարանում իրենց կողքին կանգնի...

Ֆիսքն, անշուշտ, պատրաստակամություն է հայտնում թուրք հրատարակչի խնդրանքին, սակայն զարմանում է, որ Եվրոմիության անդամության ձգտող մի երկրի հրատարակիչ ցանկանում է իր գիրքը տպել սուսիկ-փուսիկ եւ հիշեցնում է, որ նույնը պատահեց նաեւ Թաներ Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի Թուրքիայում հրատարակվելու առիթով: Այնինչ, գրում է Ֆիքսը, ճշմարտությունը պետք է հայտարարել բարձրաձայն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4