Միջազգային կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների եւ ընդհանրապես ղարաբաղյան հարցում կարծիք հայտնած բոլոր կազմակերպությունների հայտարարություններին հակառակ, կարելի է ասելՙ մանկական համառությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իր ելույթներում հետեւյալ կարգի «բացահայտումներ» անել. «Ադրբեջանական բանակի մարտունակության բարձր մակարդակը եւ երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերը կասկած չեն թողնում Ադրբեջանի շահերին համապատասխան ղարաբաղյան հակամարտության հարցի շուտափույթ լուծման առնչությամբ»: Նովրուզի տոնի կապակցությամբ ելույթ ունենալիս Ալիեւ կրտսերը համոզմունք է հայտնել, թե Ղարաբաղյան հարցը անկասկած լուծվելու է հօգուտ Ադրբեջանի:
Նավթային դոլարների անվերջ հաշվելու գործընթացում թվաբանական հաշվարկ անելու Ալիեւի կարողությունները կարծես բարելավվել են: Ըստ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանի տնտեսությունը ներկա դրությամբ 7 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը եւ որքան էլ տարօրինակ է, 2-3 տարի հետո նոր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կապահովի բացարձակ գերազանցություն: Չխորանալով 7 անգամ գերազանց տնտեսությունը բացարձակ գերազանցող ընկալել-չընկալելու մանրամասների մեջ, միայն նշենք, որ ամենասովորական մոտեցման դեպքում ակնհայտ են պատերազմելու ցանկությունը եւ այդ կարողությունների առնչությամբ ինքն իրեն համոզելուն ուղղված մեծ ջանքերի գործադրումը: