ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը պաշտոնապես հաստատեց, որ Էրեբունի համայնքում ՀՀԿ եւ ԲՀԿ որոշ անդամների միջեւ ընդհարում է տեղի ունեցելՙ պայմանավորված գալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերում ունեցած տարաձայնություններով: 2006 թ. դեկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի գյուղապետ, նախկին ՀՀԿ-ական, ապաՙ ԲՀԿ անդամ Ռոլանդ Մկրտչյանի սպանությունից հետո այս միջադեպն ամենաաղմկահարույցն է, որ առնչվում է երկու կուսակցությունների հարաբերություններին: Նալբանդյանի գյուղապետի սպանությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ պաշտոնական մեկնաբանություն չտվեցՙ այդպիսով խուսափելով ՀՀԿ-ի հետ առճակատման գնալուց եւ հարաբերությունների լարումից: Տարօրինակ զուգադիպությամբ Էրեբունի համայնքում տեղի ունեցած ընդհարման մասնակիցներից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը ոստիկանության նման կեցվածքը բացատրել է այն հանգամանքով, թե իրենց աշխատանքը «չի կայանում միայն փոքր իսկ դեպքերում մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել կամ պատժել: Նման թեթեւ վիճաբանությունը մենք կարողացանք հարթել... Նրանք հասկացան, որ ընկերներ են, պետք չէ նմանատիպ հակասությունները լուծել դրսում»: Ըստ էության այս անգամ էլ երկկողմ համաձայնությամբ իրավիճակը չբարդացնելու որոշում է կայացվել, չնայած ընտրություններից առաջ ընդհարմանը նման վերաբերմունք ցուցաբերելը կարող է նմանատիպ այլ դրսեւորումների համար պարարտ հող նախապատրաստել:
Եվ այնուամենայնիվ, իսկապես հարց է առաջանում. ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կա՞ լուրջ հակասություն, թե՞ արտաքուստ երեւացող շերտի տակ փոխհամաձայնեցված շինծու հակասությունների պատրանք է ստեղծվում: Եթե իսկապես հակասությունները լուրջ են եւ սկզբունքային, ապա ինչո՞ւ են կողմերը պարտակում մերթ ընդ մերթ ջրի երես դուրս եկող հակադրությունները: Իշխանական թեւը ներկայացնող այս ուժերից եւ ոչ մեկին ձեռնտու չէ ընտրություններից առաջ իրավիճակի լարումը, որը հղի է ընդհանրապես ողջ քաղաքական, կրիմինալ շրջանակներում լարվածության մեծացմամբ եւ անկանխատեսելի հետեւանքներով: Եվ առաջին հերթին հենց այս հանգամանքով է պայմանավորված աղմկահարույց միջադեպերը քողարկելու երկկողմանի շահագրգռությունը:
Բայց եւ այնպես ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն փորձում են հնարավորինս անկախ խաղի կանոններով առաջնորդվել: Նույն ընտրատարածքներում երկու կուսակցություններից թեկնածությունների առաջադրումը մեծամասնական ընտրակարգով խոսում է հենց դրա մասին, թեեւ չի կարելի բացառել, որ անկախ դրանից մեծամասնական ընտրատարածքներն ընտրությունների արդյունքների առումով արդեն «բաժանված» են երկու կուսակցությունների միջեւ: Միակ գործոնը, որը կարող է անիրատեսական դարձնել «կազմակերպված մեծ խաղը», երկու կողմերի փոխադարձ վստահության աստիճանն է:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերություններում իսկապես միմյանց նկատմամբ որոշ անվստահություն է նկատվում: Դրա ակունքները ոչ թե խորհրդարանական, այլ 2008 թ. նախագահական ընտրություններում են: Ե՛վ ՀՀԿ-ն, եւ՛ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունները միջոց են համարում միմյանցից հստակ երաշխիքներ ստանալու համար, որ հակառակ կողմը սեփական սցենարը չի մշակելու եւ կենսագործելու:
ՀՀԿ-ի համար անվստահության լուրջ պատճառ կարող է լինել նախագահի իշխանական թեկնածուի հարցում Ռ. Քոչարյանի առկախ դիրքորոշումը: Ուշադրություն դարձնենք, որ Դավիթ Հարությունյանիՙ ՀՀԿ-ին վերջին պահին անդամակցելուց հետո արտգործնախարար Վարդան Օսկանյանիՙ որպես նախագահականի համար նախընտրելի հավանական թեկնածուի խնդիրը օրակարգից չի իջել: Օսկանյանն այդպես էլ որեւէ կուսակցության ցուցակում տեղ չզբաղեցրեց եւ չնայած դրան, չի դադարում քաղաքական նոր օրակարգի ձեւավորման պահանջ առաջ քաշելուց, ինչը, նրա իսկ խոսքերով, պետք է «մեզնից, ժողովրդից» գա: Պատահական չէ, որ 2006 թ.-ի վերջին Օսկանյանի այս հավակնությունների գլխին սառը ջուր լցնելու պարտականությունն ստանձնեց հենց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ընդամենը վերջերս նման ակնարկներով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդ անդամ Արմեն Աշոտյանը: Եվ քանի դեռ Օսկանյանի խնդիրը վերջնականապես լուծված չէ, քաղաքական դաշտի իշխանական թեւում փոխադարձ «թեթեւ կսմթոցները» շարունակվելու են: Ողջ հարցն այն է, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, նախագահի թեկնածուի հարցում հստակություն չի ուրվագծվում: Սակայն դա առանձին քննարկման թեմա է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ