«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԵՂԾԵԼԸ ԲԱՐԴ Է ԼԻՆԵԼՈՒ

Այդ համոզմունքն ունի Մանուկ Գասպարյանը

«Ես դեմ եմ, որ Հայաստանն իր էներգակիրները, ռազմավարական ձեռնարկությունները վաճառի ուրիշ պետության, ես համոզված եմ, որ գազի վինտիլը մեր իշխանությունները ծախում են ռուսներին», այսպես խոսեց երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը «Ուրբաթ» ակումբում` նկատի ունենալով հենց Իրան-Հայաստան նորաբաց գազամուղը: Եվ եթե Ռուսաստանը ուզենա ճնշել մեզ, կփակի գազամուղը, ինչպես որ Վերին Լարսի անցակետն է փակել արդեն մեկ տարով` իբր երեք ամսով, համոզված է նա:

Մ. Գասպարյանը կանխագծեց մայիսի 12-ը. ընտրությունից հետո առաջին կեսը, մինչեւ ժամը 15-16-ը կանցնի հանգիստ, կեղծումները կսկսվեն դրանից հետո. «Որոշ կեղծարարներ, որ չկեղծեն` կմեռնեն, դա նրանց համար նարկոտիկի նման բան է»: Ըստ նրա, կեղծարարները միշտ նույն մարդիկ են, մասնագիտացել են արդեն 13-14 տարի ու համապատասխան վարձատրությամբ աշխատելու են ուզած կուսակցության հետ: Սակայն այս անգամ կեղծողների համար մի փոքր բարդ է լինելու, քանի որ իշխանական կուսակցությունները եւս վերահսկելու են, կարող է մեծ աղմուկ բարձրանալ, որի ընթացքում «կես ժամ, մի ժամ հետո այդ օջախները մարելու են»: Բայց նաեւ այս տարի էքզիտ- փոլ է լինելու, ու օրվա վերջում, երբ տեսնեն իրենց ուզած թվերը չկան, հենց վերեւից է հրահանգ իջնելու, որ հաշվի չառնեն արտաքին պատժամիջոցները` «Հազարամյակի մարտահրավերների» փողը չտալու վտանգը եւ դիմեն համատարած կեղծիքի. «Որովհետեւ աթոռները տակից գնալու են»: Ըստ Մ. Գասպարյանի, 5 տոկոսի արգելքը 5 կուսակցություն կարող է հաղթահարել` իշխանական կուսակցություններից ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը», ընդդիմությունից «Ազգային միաբանությունն» ու ՕԵԿ-ը: Եթե լավ աշխատի` 5 տոկոսին է մոտենում նաեւ ՀՅԴ-ն, որն ընտրություններից հետո չի բացառվում, որ կդառնա ընդդիմություն, քանի որ այդպիսի հին կուսակցությանը հնարավոր չի լինելու կոնֆետ ցույց տալով խաբել: Իսկ եթե իր գլխավորած կուսակցությունը` ԺՈՒԿ-ը հավաքի 8 տոկոս, ապա իր կուսակցությանը զրո տոկոս տվող սոցիոլոգներ Գեւորգ Պողոսյանն ու Ահարոն Ադիբեկյանը պետք է հրաժեշտ տան իրենց գործին:

Իր կուսակցության առաջին հնգյակը Մ. Գասպարյանն ամենաքաղաքականն անվանեց, առաջին եռյակը` քաղաքական կապիտալ, թվելով իրենից հետո Արշակ Սադոյանին, Աղասի Արշակյանին, Էդուարդ Աղաջանովին եւ Ստեփան Գրիգորյանին: Կուսակցության ընտրարշավը ԺՈՒԿ-ը տանելու է մարդկանց հետ անմիջական հանդիպումներով, մեքենաներով անցնելու են համայնքից համայնք եւ ներկայացնելու են ծրագրերը, իսկ հեռուստաքարոզարշավից լիարժեք օգտվելու համար ունեցած միջոցները սուղ են:

Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` հակադրվեց, թե թող ժողովուրդը վերցնի ընտրակաշառքը, բայց իր խղճով քվեարկի: Հիշեցմանը, թե նոր օրենսգրքով Հայաստանում քրեական հանցանք է ոչ միայն ընտրակաշառք բաժանելը, այլեւ վերցնելը, հնչեց այսպիսի պատասխան. «Ո՞վ է իմանալու, կամ` իշխանությունն իր թաթին է դատելո՞ւ»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4