«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐ» ԴԱՐՁԵԼ

Պարզաբանեց զեկույցի հեղինակ, Համաշխարհային բանկի առաջատար տնտեսագետ Սամիա Միտրան

«Հայաստան. կովկասյան վագր» զեկույցի հեղինակը ծանոթ էր հայաստանյան մամուլում «վագրին» առնչվող հրապարակումներին եւ ծաղրանկարներին, բայց նշեց, որ այդ բնորոշումն իր հիմնավորումներն ունի: «Վագր» են անվանում այն երկրների տնտեսություններին, որոնք առնվազն 10 եւ ավելի տարիներ արձանագրել են երկնիշ տնտեսական աճ եւ աղքատության կտրուկ նվազում: Ասիայում նման ցուցանիշներ են ունեցել Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Եվրոպայումՙ Իռլանդիան: Հայաստանում 1998 թ.-ից միջին տնտեսական աճը կազմել է 10 տոկոս, իսկ վերջին 3-4 տարիների ցուցանիշն ավելի բարձր է: Սամիա Միտրան նաեւ նշեց, որ Հայաստանի տնտեսական աճի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն հարեւան երկրի, հիմնված չէ նավթի վրա եւ հավասարակշռված զարգացում ունի:

Հայաստանում ամենամեծ ներդրումները կատարվել են շինարարության եւ ծառայությունների, հատկապես տրանսպորտի ոլորտներում: Արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ դրանք ավելի փոքր են: Ըստ զեկույցի հեղինակի, մեր երկրում պետք է զարգացնել գիտելիքների եւ ծառայությունների ոլորտը, դրանք համակարգչայնացնել: Հայաստանը պետք է կարողանա մեծ ներդրումներ ներգրավել:

Ցույց տալու համար աղքատության նվազումը, Սամիա Միտրան մատնանշեց, որ 1998 թ. 56 տոկոս աղքատ բնակչության համեմատ հիմա այդ ցուցանիշը 30 տոկոս է: Ամենաաղքատ բնակչությունն ավելի մեծ նվազում է արձանագրել, հասնելով մինչեւ բնակչության 1,5 տոկոսի:

Այդուհանդերձ, մեր երկրի համար կարեւորը բարեփոխումների երկրորդ փուլն է, որն ավելի դժվար է լինելու եւ ավելի մեծ ջանքեր է պահանջելու: Ըստ ՀԲ փորձագետի, շուրջ 10 տարի Հայաստանը հաջողությամբ իրականացնում է բարեփոխումները եւ առաջին քայլերն է արել երկրորդ սերնդի բարեփոխումների ուղղությամբ: Սակայն վերջիններս առանձնահատուկ են, որովհետեւ քաղաքական տարրեր են պարունակում, եւ Համաշխարհային բանկն այդ կապակցությամբ իր առաջարկները ներկայացրել է Հայաստանի կառավարությանը:

Որո՞նք են մեր երկրի տնտեսական աճի շարունակմանը խանգարող խնդիրները: Զեկույցի հեղինակները մատնանշում են, որ դեռ չի ավարտվել ձեռնարկությունների վերակազմավորումը: Կան դեռեւս խնդրահարույց ձեռնարկություններ, օրինակՙ «Նաիրիտը»:

Մրցակցության խնդիրները շարունակում են պահպանվել: Այստեղ կան վարչական եւ այլ բնույթի խոչընդոտներ, օրինակ, երբ օլիգարխները խոչընդոտում են մրցակցությանը: Այդ ոլորտը կարգավորող հանձնաժողովը թույլ է եւ չի կարողանում կիրառել մրցակցության պաշտպանության կանոնները:

Հայաստանի բանկային համակարգը ոչ լիարժեք է զարգացած, քանի որ արդյունաբերությանը քիչ վարկեր է տալիս, իսկ ապահովագրության, արժեթղթերի եւ կենսաթոշակային շուկաները թերզարգացած են:

Հաջորդ խումբ խնդիրներն առնչվում են Հայաստանի արտադրանքի մրցունակությանը, ավելի ճիշտՙ այն ամենին, ինչ խանգարում է դրան: Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտները պետք է ազատականացվեն: Մասնավորապես կարեւորվեց օդային փոխադրումների գների նվազումը, որին կարելի է հասնել «Արմավիային» տրված հատուկ մենաշնորհի վերացման դեպքում: Դրան, սակայն դեմ է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Սամիա Միտրան նաեւ ընդգծեց հեռահաղորդակցության ոլորտի գների իջեցումը, ասելով, որ պետք է նախապատրաստվել 2009 թ.-ին այս ոլորտի ազատականացմանը: Զեկույցի հեղինակը այնքան էլ լավատեղյակ չէր «Արմենտելի» նոր սեփականատեր ընկերության հայտարարություններինՙ մենաշնորհից հրաժարվելու մասին:

Կառավարման ոլորտում, հարկային եւ մաքսային համակարգերում, գործունեության պետական արտոնագրեր ստանալիս ոչ պաշտոնական վճարումները տարածված երեւույթ են: Մասնավորապես ՀԲ առաջատար տնտեսագետը ընդգծեց, որ մաքսային համակարգում բավականին բարձր է արտահերթ ստուգումների եւ ոչ պաշտոնական վճարների թիվը: Ի պատասխան մեր այն հարցի, թե ի՞նչ պետք է անել մաքսային համակարգում արմատական փոփոխություններ ունենալու համար, Սամիա Միտրան պատասխանեց, որ երեք տարվա բարեփոխումների արդյունքում ներդրվել են համակարգեր, որոնք նվազեցնում են շփումը գործարարի եւ մաքսավորի միջեւ: Սակայն դրանք միայն առաջին քայլերն են: «Մեծ փոփոխությունների համար այստեղ անհրաժեշտ է մոտեցման փոփոխություն», ընդգծեց Սամիա Միտրան: «Հետագա տնտեսական աճի համար կարեւոր են հարկային եւ մաքսային բարեփոխումները, այլապես միջավայրը չի բարելավվի եւ ներդրումներ չեն լինի», եզրակացրեց նա, միաժամանակ ավելացնելով, որ շատ դժվար է լինելու պայքարն այն շահերի դեմ, որոնք խոչընդոտում են այդ բարեփոխումներին:

Հայաստանից արտահանման ծավալների նվազմանը վերաբերող հարցին պատասխանելով, Սամիա Միտրան այն կարծիքը հայտնեց, որ եթե այդ միտումը շարունակվի, ապա տնտեսական աճի տեմպը չի պահպանվի: Ըստ ՀԲ փորձագետի, արտահանման ավելացման համար պետք է ուշադրությունը կենտրոնացնել տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ մրցունակության, այլ ոչ թե փոխարժեքի վրա: Խոսելով վերջինիս մասին, Սամիա Միտրան նշեց, որ ըստ ՀԲ եւ ԱՄՀ մասնագետների, Հայաստանում հիմա ձեւավորվում է փոխարժեքի երկարաժամկետ հավասարակշռման պահ: «Մարդիկ մոռանում են, որ արդեն երեք տարի շարունակվող դրամի արժեւորմանը նախորդել է վեց տարվա արժեզրկումը», նշեց նա:

Տարածաշրջանում ո՞ր երկիրն է ավելի առաջ անցել բարեփոխումների ասպարեզում: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ Հայաստանը ամենաերկարաժամկետ բարեփոխումներ իրականացրած երկիրն է: Վրաստանում դրանք ուշ են սկսվել, շատ արագ են ընթանում, բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ տեսնելու համար, թե դրանք կպահպանվե՞ն եւ կշարունակվե՞ն: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա, ըստ Սամիա Միտրայի, բնական ռեսուրսներ ունեցող երկրներում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները դժվար են իրականանում: Այդ երկրներում նավթային գումարներն արագ ծախսելու գայթակղություն է առաջանում: Դրանից խուսափելու համար Ադրբեջանում ստեղծվել է պետական հիմնադրամ, որի միջոցները պետք է ուղղվեն տնտեսության դիվերսիֆիկացմանը: Սակայն արդյունքների մասին դարձյալ կարելի է խոսել մի քանի տարի հետո:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4