«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՈՒ ՆՈՒՅՆՔԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի պարի պետական անսամբլի եւ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի, կարելի է ասել, հեղինակային միացյալ համերգը Մոսկվայի կրեմլյան համերգասրահում ընդունվեց խորը զգացմունքով. ունկնդիրների գերակշիռ մեծամասնությունը նախկին հայաստանցիներ էին, որոնք իրենց կամքին հակառակ այստեղ են հայտնվել տարածաշրջանային բեկումների հետեւանքով:

Սակայն այս անգամ ես կուզենայի արտահայտվել ոչ թե համերգի հաջողության կամ անհաջողության մասին (հայերս հուզված էինք), այլ այդ հանդիսության սոսկ երկու կողմի մասին: Երկար տարիներ ապրելով օտար երկրում եւ ներկա գտնվելով նման ազգային միջոցառումների, սկսում ես քեզ շատ հարազատ երեւույթին նայել նաեւ տեղացու (օտարի) աչքով ու տեսանկյունից. հետաքրքրական է, սա ի՞նչ տպավորություն կգործի նրա վրա: Եվ ելնելով նրանց հետ ունեցած կարծիքների փոխանակությունից, հանգում ես այն եզրակացության, որ ամենաչընկալվող «ազգային» գործիքը զուռնան է: Կարելի է ասել` հետո ինչ, մեզ էլ դուր չի գալիս նրանց, ասենք, բալալայկան: Եվ ճիշտ փաստարկ է: Սակայն եկեք անկեղծ լինենք ու ինքներս մեզ հարցնենք` իսկ ինչքանո՞վ է, իրոք, հայկական այդ գերպրիմիտիվ գործիքը գերադասելի (որեւէ մեկը երբեւէ լսե՞լ է գոնե մի հոգեպարար մեղեդի այդ գործիքով): Ըստ հանրագիտարանի, զուռնան Արեւելքից փոխառնված գործիք է, որն օգտագործվել է բացօթյա հանդեսների ժամանակ: Ի սեր Աստծո, եթե դա ձեզ դուր է գալիս, հնչեցրեք այն Հայաստանում հարսանիքի, կոխի մրցումների, «քյանդրբազի» ելույթի ժամանակ, բայց մի արտահանեք այն Լոս Անջելեսի, Մոսկվայի կամ Փարիզի երաժշտասերի լսողությունը սղոցելու համար: Հավատացեք, դրա ականջախայթ ծղրտոցը անընդունակ է ալեկոծելու ունկնդրի ներաշխարհը: Ինչո՞ւ փոխառել մի երաժշտական գործիք, որի «սուր, ճչացող» (նորից ըստ հանրագիտարանի) ձայնը բացարձակապես չի հարստացնում մեր ազգային երաժշտական մշակույթը: Ինչքա՜ն տպավորիչ էին ներդաշնակվում, օրինակ, քանոնն ու դուդուկը հիշյալ համերգին մասնակցող մոսկովյան էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ: Զգացվում էր, որ ռուս երաժիշտներն էլ են հմայվում այդ յուրօրինակ, ինչ-որ տեղ անսովոր զուգորդումից: Եվ պարի անսամբլին ուղեկցող կենսարար երաժշտության, թե Արա Գեւորգյանի հիրավի մեղեդային ու առինքնող ստեղծագործությունների մեջ միակ աններդաշնակությունն առաջացնում էին զուռնայի միօրինակ ճիչերը:

Եվս մի պահ: Եթե չեմ սխալվում, «Հայորդիք» կոչված պարի ժամանակ հատկապես գեղեցկատես հայ ջահելները բեմահարթակ դուրս եկան հայկական կոչված «պերճ» տարազով: Կարելի է համոզված ասել, որ եթե համերգասրահում ներկա լինեին քուրդ, թուրք, ուզբեկ, տաջիկ եւ մի շարք այլ մահմեդական ազգերի ներկայացուցիչներ, ապա նրանք անվարան կհայտարարեին, որ դա իրենց ազգային հագուստն է: Պակասում էր միայն Աբիսողոմ աղայի կարմիր ֆեսը: Եթե նույնիսկ ընդունենք, որ դարերով ապրելով թուրքական լծի տակ, հայերը ինչ-որ չափով կրել են «օսմանների» մշակույթի ու կենցաղի ազդեցությունը, այդուհանդերձ անթույլատրելի է կալանավորի համազգեստը հիշեցնող այդ շերտազարդ տիպիկ մահմեդական տարազը ներկայացնել որպես խորապես ազգային-հայկական (բնականաբար` պատմական): Վրացին դա ծաղր կհամարեր իր հասցեին:

Ես կանխատեսում եմ ընդվզումներ «ռսացած» հայի կարծիքների դեմ: Բայց հարցը իմ անձին չի վերաբերում: Թող իմ ընդդիմախոսները ապացուցեն, որ պրիմիտիվ զուռնան ու «յուրացված» քրդական տարազը մեր ազգային մշակույթը բարձրացնում են համաշխարհային մակարդակի:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4