Աշուղական երգը մեր ազգային ժողովրդական երգարվեստի պրոֆեսիոնալ թեւն է, որը, սակայն լինելով բարդ, միշտ չէ, որ շատ մատչելի է լինում ժողովրդին: Այդպիսին են նաեւ Շերամի ստեղծագործությունները, որոնցից շատերն այսօր զարդարում են հայ երգի գանձարանը:
150 տարի առաջ մարտի 20-ին, Ղարսից գաղթած նշանավոր աշուղ Քյամալիի ընտանիքում ծնվում է Գրիգոր Տալյանը (Շերամ): Իննամյա Գրիգորը, կորցնելով հորը, դառնում է հյուսնի աշակերտ ու տարիների ընթացքում հմտանալով իր արհեստի մեջ, բացի խմորի տաշտ ու սնդուկներ պատրաստելուց, իր համար երաժշտական գործիք է ստեղծում ու քիչ-քիչ երգում, նվագում: Կարճ ժամանակ անց Գրիգորի արհեստանոցը դառնում է երգասեր գյումրեցիների հավաքատեղի ու երիտասարդ երգչի անունն ու համբավը տարածվում է իր հորինած երգերի շնորհիվ: Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել բանաստեղծներ Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, որոնք էլ հետագայում ոչ միայն հովանավորում ու ոգեշնչում են երգչին, այլ նաեւ սերտ կապ են հաստատում նրա հետ: Այն ժամանակվա մշակույթի ոլորտի ղեկավար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը աշուղի կատարած նուրբ, մետաքսանման երգերն ու մեղեդիները ունկնդրելով, աշուղական ավանդույթի համաձայն, նրան պարգեւում է «Շերամ» մականունը: Կարճ ժամանակ անց Շերամը արժանանում է նաեւ Կոմիտասի ուշադրությանը, որն էլ նրան խորհուրդ է տալիս չհեռանալ ժողովրդական երգերին բնորոշ հույզից ու անմիջականությունից: Աշուղ Շերամը իր կյանքի 81 տարիների ընթացքում կարողացավ աշուղական եւ ժողովրդական երգի լավագույն ավանդները մեկտեղել-համադրելով դառնալ մեր ժողովրդի «սրտի թարգմանը», այսպես բնութագրեց աշուղին ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:
Երեկ, քաղաքային պանթեոնում աշուղ Շերամիի գերեզմանի մոտ, նրա ծննդյան 150-ամյակի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովը եւ Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրինությունը կազմակերպեց հոբելյանական հանդիսությունների բացումը: Անվանի աշուղի հոգեհանգստի կարգը կատարեց նրա թոռըՙ Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Աշուղ Շերամի հիշատակը հարգելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ, Շերամի գործը շարունակող այսօրվա աշուղներ, մտավորականներ, գիտնականներ եւ երաժշտասերներ, որոնք Շերամի շիրիմի առաջ իրենց խոնարհումը բերեցին ու խնկարկեցինՙ հավաստելով, որ նրա երգերը կան ու դեռ երկար կապրեն:
Աշուղ Շերամի երգարվեստի ու նրա անցած ուղու մասին իրենց գնահատանքի խոսքերը հղեցին բանասիրական գիտությունների դոկտոր, աշուղագետ Շավիղ Գրիգորյանը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը: Իհարկե, անմասն չմնացին մերօրյա աշուղներըՙ Լեյլին, Անդրանիկը, Զարուհին եւ ուրիշներ, որոնք իրենց ստեղծագործությունները ձոնեցին անվանի վարպետին, ուսուցչին, որից դեռ շատ բան ունեն սովորելու: Այնուհետեւ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, երգչուհի Արուս Գուլանյանը եւ ուրիշներ, իրար հաջորդելով, կատարեցին Շերամի գերեզմանը ծածկվեց բազմերանգ ծաղիկներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ