«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2007-03-17 | #50, 2007-03-20 | #51, 2007-03-21


ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Հայերն ու ուկրաինացիները դեռ հողի փոխանակման խնդիրնե՞ր ունեն

Երկու երկրները, երբ սկսում են ոչ միայն տնտեսական փոխշահավետ համագործակցություն իրականացնել, այլեւ խոսել կրթական-մշակութային կապերի մասին, ենթադրելի է, որ երկու հասարակությունները միայն շահելու են այդ կապերի զարգացումից: Այս ենթադրությունը փորձեց հաստատել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարան այցելելիս, այնտեղի ռեկտորի հետ, որ նաեւ իր դասընկերն է, սկիզբ դնելու հայ-ուկրաինական միջբուհական կապերին: Դրանց շնորհիվ նախատեսվում է լավ սովորող ուսանողների եւ դասախոսների փոխանակում, որն էլ իր հերթին մշակութային գործուն երկխոսության խթան կարող է լինել: Առայժմ մի խումբ ուսանողներ` իրենց դասախոսի ղեկավարությամբ դիմավորեցին պատվավոր հյուրին եւ իրենց ռեկտորին ուկրաինական բարեհունչ երգերով ու արտասանությամբ:

Չնայած տիրող գեղագիտական մթնոլորտին, լրագրողներին հետաքրքրում էին նաեւ այլ հարցեր, որ միջոցառումից առաջ ուղղեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանին: Պարզվեց, որ դեսպանը հույսեր է կապում առաջիկայում անցկացվելիք երկու կառավարությունների համատեղ հանձնաժողովի նիստի հետ, ուր կքննարկվեն երկուստեք խնդրահարույց հարցեր: Դրանցից Ալ. Բոժկոն նշեց տրանսպորտային հարցը, վերհիշելով, որ ապրանքների տեղափոխման խնդիրները իր մաշկի վրա զգաց հատկապես մամուլը, երբ լաստանավի ուշացման պատճառով հայաստանյան թերթերը մի քանի օր տպագրական թղթի խնդիրներ ունեցան:

Կիեւում կառուցվելիք հայկական եկեղեցու մասին «Ազգի» հարցին ի պատասխան դեսպանն ասաց. «Կիեւում կառուցվում է ոչ միայն մայր տաճար, այլեւ մշակութային կենտրոն, որովհետեւ այն լինելու է հոգեւոր-մշակութային օջախ ուկրաինահայերի համար»: Իսկ հողի հետ կապված խնդրահարույց հայտնի թեման Ալ. Բոժկոն մեկնաբանեց այսպես. «Հողի հետ կապված խնդիրներ միշտ կան, մանավանդ Հայաստանում: Օրինակ, մեր դեսպանությունը երկար տարիներ դիմել եւ խնդրել է փոխշահավետ պայմաններով հող` դեսպանատուն կառուցելու համար: Այսինքն, մենք պետք է Հայաստանին հող տրամադրեինք Կիեւում, եւ մեզ պետք է տրամադրեին Երեւանում: Բայց վերջիվերջո, մենք ստիպված եղանք տուն առնել եւ հաստատել դեսպանությունը»: Դեսպանը շատ կարեւոր հարց որակեց հողահատկացումը, սակայն տեղեկացրեց, որ Կիեւի իշխանությունն իր համաձայնությունը տվել է հայերին հողահատկացման եւ եկեղեցի կառուցելու համար: «Բայց որքանով ես գիտեմ, բնակիչներն ինչ-որ հարցեր ունեն», հավելեց նա: Բոլոր հարցերի լուծման համար դեսպանը հորդորում է համբերել:

Ինչ վերաբերում է Ալ. Բոժկոյի գրական գործունեությանը, դեսպանն այն համարեց լավ հնարավորություն դիվանագետի համար, ով ի պաշտոնե միշտ պետք է ասի` «մեր պետության կարծիքով», իսկ դիվանագիտական առաքելությունն ավարտելիս եւ գիրք գրելիս կարող է նաեւ ասել «իմ կարծիքով»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4