Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում ապրիլի 11-ին, ժամը 17.30-ին տեղի կունենա «Հայաստանի մշակույթի օր»: Այդ մասին «Հայինֆո» գործակալության թղթակցին հայտնել է միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ռոզա Ազարյանը:
Հրավիրյալների թվում են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, նշանավոր կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայտնի երգչուհի Աստան:
Միջոցառումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը եւ ավանդույթներին: Երեկոյի ընթացքում ամեն ոք կկարողանա ծանոթանալ Հայաստանի հին պատմությանը, մշակույթին, ավանդույթներին ու կենցաղին: Հյուրերին կներկայացվի հետաքրքրական շոու-ծրագիրՙ հայկական ժողովրդական երգեր ու պարեր, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Արա Գեւորգյանի մի շարք ստեղծագործությունները:
Բացի դրանիցՙ ներկայացված կլինեն նկարներ եւ Հայաստանի գեղատեսիլ վայրերի լուսանկարներ: Իսկ թեթեւ ընթրիքի ժամանակ հնարավոր կլինի համտեսել հայկական ժողովրդական խոհանոցի ճաշատեսակներ:
Միջացոռման կազմակերպիչներն ու մասնակիցները Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ուսանողներն են: Երեկոն կանցկացվի Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ