Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաջող է հանդես գալիս իսպանական Սաֆրա քաղաքում ընթացող Ռյուի Լոպեսի անվան շախմատային փառատոնում: Նա մասնակցում է ուժեղագույն 8 շախմատիստների մրցաշարին, որում գլխավոր մրցանակը վիճարկում են շրջանաձեւ մրցակարգով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սարգսյանը հաղթանակով էր մեկնարկելՙ պարտության մատնելով չին շախմատիստուհի Հոու Յիֆանին: Հաջորդ տուրում Գաբրիելի մրցակիցը բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան էր: Հայ շախմատիստն այդ պարտիայում էլ, սեւ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Երրորդ տուրում Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Իվան Սոկոլովի հետ:
3 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը 2,5 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում իսպանացի Մանուել Պերեսի հետ: Նրանց կես միավոր է զիջում պերուացի Ջուլիո Գրանդան: Հաջորդ տեղերում են Կրիշնան Սասիկիրանը եւ Ռուսլան Պոնոմարյովըՙ 1,5-ական միավոր, որոնց հաջորդում է Անտոանետա Ստեֆանովան: Աղյուսակը կեսական միավորով եզրափակում են Իվան Սոկոլովն ու Հոու Յիֆանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅՍՆ