«Մտեք գրախանութ, հարցրեք ցեղասպանության թեմայով տպված վերջին հրատարակությունը: Ձեզ կտան սարսափելի գրականություն, այդ թվում` թարգմանված մի քանի լեզուներով, նաեւ թուրքերեն: Դրանք որեւէ քննություն չեն բռնում ժամանակակից գիտության եւ գիտական լեզվի տեսանկյունից», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այսօր մեր պատմագրության դպրոցում հատուկենտ մարդիկ ունակություն ունեն միջազգային ակադեմիական համայնքին եւ լսարանին ընկալելի լեզվով գրականություն գրելու, մնացածը հնացած մոտեցումներ են: Նոր աղբյուրներ են պետք, դրա համար մարդկանց պետք է գործուղումների ուղարկել, այսօր գիտնականը չպետք է զբաղվի մուրացկանությամբ: Միաժամանակ բանախոսը նշեց. «Ցեղասպանության հարցում մենաշնորհներ եւ խանդոտ դրսեւորումներ պետք է չլինեն, երբ ինչ-որ մեկը նույնիսկ անհատական մակարդակով սկսում է զբաղվել այդ խնդրով: «Մենք նույնիսկ Հայոց ցեղասպանության հիմնախնդրով զբաղվող մասնագետների ֆորում չունենք քննարկումների համար: Այդպիսին, ցավոք, չի եղել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մենք այդ հարցում մարդկային ռեսուրսների աղետալի սղություն ունենք», ասաց բանախոսը: Այս առումով նա կարեւորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը համադրող կենտրոնի ստեղծումը, որը պետք է նաեւ գիտնականներին գործուղումների ուղարկի եւ համակարգի ճանաչման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները:
Տնօրենը խոսեց նաեւ քարոզչական պատերազմի մասին: «Այսօր ամբողջ աշխարհը քարոզչության եւ ինֆորմացիոն պատերազմների ռեժիմով է աշխատում` գովազդ եւ կամ ամեն ակցիա ինֆորմացիոն օպերացիաների մաս է: Շատ անգամ «կտերից» ենք օգտվում եւ չենք հասկանում այդ «կտերի» եւ նրանց ներսում եղած «կորիզակների» իմաստը, որոնք հայտնվում են մեր ԶԼՄ-ներում», ասաց լրագրողներին վերջին երեք տարում գործընկեր համարող Հ. Դեմոյանը: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց. «ԱՄՆ-ը քաղաքականացնում է խնդիրը. ցավալի է»: Միաժամանակ հասկանալի է, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդամենը ԱՄՆ արսենալի մահակներից մեկն է, որով նա ճնշում է գործադրում Թուրքիայի վրա»:
Սբ. Խաչի հետ կապված վերջին իրադարձություններին անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց. «Նախ ես չեմ ոգեւորվում նման միանվագ ակցիայով, որի նպատակը այս եղանակով միջազգային հանրային կարծիքի վրա ներազդումն է եւ ցանկությունը` ի ցույց դնել ինչ-որ փոփոխվող Թուրքիայի, որը հոգ է տանում քրիստոնյա ժառանգության նկատմամբ: Ակնհայտ է, որ այս քայլը, ճիշտ է, բազմաբյուջե է, բայց զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում: Քանի որ հարց է ծագում, ինչո՞ւ մի դեպքում Վանում 10-րդ դարի տաճարը վերականգնվում է, իսկ մեկ այլ հայկական տաճար էլի 10-րդ դարի, կառուցած մեկ այլ հայ թագավորի կողմից, վերածվում է մզկիթի: Թուրքիան այն երկիրն է, ուր հարյուր-հազարավոր հայկական հուշարձաններ ուղղակի դադարել են գոյություն ունենալուց հենց հանրապետական Թուրքիայի օրոք: Մի երկիր, որտեղ 90 տարի շարունակ հետեւողականորեն հետքեր են ոչնչացրել: Սա միմիայն վկայում է, որ երիտթուրքերի մարդասպանությունը նորօրյա հանրապետականները վերածել են հուշարձանասպանության կամ հիշողության սպանության: Սա ցեղասպանության շարունակությունն է: Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը նախ քաղաքական, ապա նաեւ տնտեսական ակցիա է, քանի որ Թուրքիան իր ծախսած 2 միլիոնը կարող է կարճ ժամանակում հետ բերել նույն զբոսաշրջիկների, այդ թվում նաեւ հայ ուխտագնացների գումարների տեսքով: Իհարկե, Սբ. Խաչը շահում է: Սակայն նույնիսկ Աղթամարը շրջանառվելու է որպես Ագդամար, որ թուրքերեն նշանակում է սպիտակ երակ, էլ չի շեշտվի հայկական ինքնությունը», կանխատեսեց բանախոսը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ