«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ՆՈՐ ՋՐԱՄԲԱՐ ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Հանրապետությունում գործող ջրամբարները չեն լրացնում տնտեսության կարիքների համար անհրաժեշտ ջրի պակասը, բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագները ստիպում են որոնել ջրի նոր աղբյուրներ առավել բարձր նիշերում, որտեղից կուտակված ջուրը կտեղափոխվի ինքնահոս եղանակով:

Այդպիսի մի ջրաղբյուրի (ջրամբարի) մասին է ներկայացվածըՙ երկրաբանական հիմնավորումների եւ փաստացի հաշվարկների հիման վրա: Առաջարկվում է կառուցել Կոտայքի մարզի Ազատ գետի վերին հոսանքների ավազանի տարածքում, «Կարմիր ջուր» վտակի 2800 մ բացարձակ բարձրության վրա: Այն չի խանգարի գոյություն ունեցող ջրատնտեսական համակարգին` Ազատի ջրամբարի լցվելուն եւ միաժամանակ կթեթեւացնի պոմպակայանների աշխատանքի լարվածությունը:

Կառուցվող ջրամբարն ունենալու է 38,5 քկմ ջրհավաք ավազան, ազատ հոսքըՙ 16 մլն խմ, պատվարի բարձրությունըՙ 40 մ, երկարությունըՙ 350 մ, իսկ ջրամբարի հայելու մակերեսըՙ 100 հա: Ներառելով ազատ հոսքի ջուրը` չի վնասելու շրջակա միջավայրին:

Ջրամբարը կարելի է շահագործել երկու տարբերակով:

Առաջին. Ջրամբարի օգտակար ծավալից մոտավորապես 11-12 մլն խմ-ով հնարավոր կլինի ոռոգել Գառնի, Գողթ եւ Գեղարդ համայնքների հողատարածքները, ինչպես նաեւ 1700 մ բացարձակ բարձրությունից ջուրը տեղափոխել եւ «Գյունեյ» կոչվող հարյուրավոր հա անջրդի տարածքները ոռոգելի դարձնել:

Ջրամբարից 4-5 մլն խմ ջուր կարելի է տեղափոխել Ջրվեժ եւ Հացավան գյուղերի ջրավազան, իսկ այնտեղից ջուրը տալ մշակելի հողերի ոռոգման եւ հատկապես այգեգործական ընկերություններին: Վերջինս կփոխարինի Ազատի ջրամբարից եւ Ազատ գետերից ջուր վերցնող (ոռոգման նպատակով) պոմպակայաններին:

Պոմպակայանների տեխնիկատնտեսական հիմնական ցուցանիշները հետեւյալն են:

1. Ազատի քառաստիճանի 3-րդ եւ 4-րդ աստիճանի պոմպակայաններՙ 10,6 մլն կվ/ժ տարեկան հոսանքի ծախս:

2. Գեղադիրի պոմպակայանՙ 3,6 մլն կվ/ժ:

3. Հացավանի պոմպակայանՙ 2 մլն կվ/ժ:

4. Գառնիի պոմպակայաններՙ 0,8 մլն կվ/ժ:

Ընդամենըՙ 17,0 մլն կվ/ժ տարեկան հոսանքի ծախս:

Պոմպակայանների ջրագծերն անցնում են սողանքների տարածքով եւ տալով արտահոսք էլ ավելի են ավելացնում ու ակտիվացնում դրանք:

Ջրամբարը պետք է կառուցվի այն ջրհավաք ավազանում, որտեղից սնվում են Գառնիի աղբյուրները: Ընդգծենք, որ ջրամբարն ավելացնելու է աղբյուրների ելքերը, որոնք որակով չեն զիջելու գոյություն ունեցող քիմիական կազմին: Ջրամբարից ջրերը տեղափոխվելու են փակ ցանցով (խողովակներով) կամ ուղղակի գետի հոսանքով` ոչ մի վնաս չպատճառելով բնական էկոլոգիական համակարգերին:

Երկրորդ. Հաշվի առնելով, որ ջրամբարի տեղամասում չկա աղտոտման ոչ մի վտանգ, Մանթաշի ջրամբարի օրինակով կուտակված ջուրը կլինի խմելու համար միանգամայն պիտանի, հետեւաբար կարելի է օգտագործել Երեւան քաղաքի եւ մոտակա համայնքների խմելու ջրի պակասը լրացնելու համար:

Ըստ Լանջազատի ջրաչափական կայանի բազմամյա դիտարկումների, Ազատ գետը ունի տարեկան 206-210 մլն խմ միջին հոսք: Գետի եւ նրա վտակների ջրաբանական բնութագրից երեւում է, որ մեր բերած հաշվեկշռային տվյալներից նախատեսված ջրամբարը չի ազդելու Ազատի ջրամբարի լցնելուն: Ընդգծենք, որ հալոցքի եւ մթնոլորտային տեղումների հետեւանքով հեղեղումները դիտվում են ապրիլի 10-15-ը, դա նկատելի է նաեւ Ազատի ջրամբարի մի քանի տարիների լցման եւ դատարկման կորից, ինչպես նաեւ գետի հիդրոգրաֆից: Այդ ժամանակ ջրամբարում ջրի մակարդակի բացարձակ նիշը հասնում է 1035 մ, որի դեպքում, ըստ ջրամբարի ծավալի եւ մակերեսի կորի, ջրամբարում կուտակվում է 40-42 մլն խմ ջուր ի հաշիվ աշնանային եւ ձմեռային տեղումների: Ջրի այդ քանակությունը Ազատի ջրամբարում նկատվում է կառուցելուց ի վեր ամեն տարի: Փաստորեն ջրամբարը ամբողջովին լցվելու համար անհրաժեշտ է լինում եւս 30-35 մլն խմ ջուր, որն արագորեն կուտակվում է գարնան հեղեղների ժամանակ:

Ազատ գետի ջրային հաշվեկշռում 512 քառ. կմ ջրհավաք ավազանից տարեկան տեղի է ունենում 90 մլն խմ գարնանային հեղումների մակերեսային ջրհոսք: Այդ ծավալին ավելացնելով 40-42 մլն խմ, կստանանք 130-132 մլն խմ ջրի ծավալ, հաշվի առնելով, որ Ազատի ջրամբարից ֆիլտրացիոն կորուստները կազմում են 10-15 մլն խմ, այսինքն ջրամբարի ջրի պահանջը 90 մլն խմ է, որից կարող ենք 45-55 մլն խմ ջուրն օգտագործել առաջարկվող ջրամբարը լցնելու եւ այլ կարիքների համար, թույլ չտալով, որ այն թափվի Արաքս գետ կամ ստորերկրյա ուղիով համալրի Արարատյան հարթավայրի խորքային ջրերը, որոնց օգտագործումը դժվարությունների հետ է կապված:

Առաջարկությունը նոր չէ, ունի 15 տարվա վաղեմություն, մինչ արցախյան շարժում սկսելը, ձգձգվեց, նորից ներկայացրել ենք ժամանակակից կառավարության մասնագետ ատյաններին, սակայն նույնիսկ չի ընդգրկվել հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ոռոգման նոր ջրամբարներ կառուցման ծրագրում:

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Գլխավոր մասնագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4