«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ԼՈՒԺԿՈՎՆ ՈՒ ԶԱԽԱՐՅԱՆԸ ԲԱՑԵՑԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՏՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանի առեւտրային տան բացումն այսօր տեղի կունենա Մոսկվայում` երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Իսկ երեկ քաղաքագլուխների ձեռամբ տեղի ունեցավ Մոսկվայի տան բացումը Երեւանում: Ինչպես իր խոսքում նշեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, դեռեւս մեկուկես տարի առաջ, Երեւանի օրերի ժամանակ, մենք Յուրի Լուժկովի հետ նշանավորեցինք Երեւանում Մոսկվայի տան շինարարության սկզբնավորումը: Այսօր Տունը հանձնվում է շահագործման: Բարձր գնահատվեց ճարտարապետ Լեւոն Վարդանյանի եւ շինարարների իրագործած աշխատանքը: Ավարտվում է Հյուսիսային պողոտայում բնակելի տան շինարարությունը եւ այդ ամենը Մոսկվայի հետ կօգնի խորացնել ու ընդլայնել մեր տնտեսական հարաբերությունները: Ամեն դեպքում, Մոսկվայի տունը Երեւանում նախ եւ առաջ մշակութային կապերի զարգացման հնարավորություն է:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը նշեց, որ Մոսկվայի տունը երկու քաղաքների եւ պետությունների համագործակցության նյութականացումն է: Ընդ որում, այն խորհրդանշում է ոչ միայն ռազմավարական գործընկերությունը, այլեւ հետխորհրդային տարածությունում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների նոր սկզբունքները, որոնք պետք է նյութական արտահայտություն ունենան: Լուժկովի գնահատմամբ, նմանօրինակ տան բացումը Մոսկվայում կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մեծացմանը` Մոսկվայում հայկական արտադրանքի ներկայացմամբ: Ամեն դեպքում, հարաբերությունների զարգացումը, Լուժկովի մեկնաբանմամբ, փոխշահավետ է, հատկապես որ դրա համար առկա են բոլոր հարմար պայմանները: Ինչ վերաբերում է հայաստանյան մամուլի արձագանքին Մոսկվայի տան շենքի առնչությամբ, ապա, Լուժկովի իսկ խոսքերով, իրեն տեղեկացրել են. «Տարօրինակ է, բայց դրական»:

Բացման արարողության ավարտին Յուրի Լուժկովը Երվանդ Զախարյանին հանձնեց մի մեծ բանալի` «մեր ընդհանուր բույնը ինչ-որ ծղոտ բերող խաղաղության աղավնու» խորհրդանիշը վրան: Երեւանի քաղաքապետն էլ խոստացավ, որ բանալին իր արժանի տեղը կունենա օրերս բացվելիք Երեւանի պատմության թանգարանի շենքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4