«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


«ՀՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ»

Ճանապարհորդություն Արաքսից այն կողմ

Մարտի 22-ին Նարեկացի արվեստի միությունը կրկին մարդաշատ էր: Այստեղ հերթական ֆիլմի ցուցադրությունն էր: Լիլիթ Արզումանյանի «Հողի խորհուրդ. ճանապարհորդություն Արաքսից այն կողմ» 30 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է Արեւմտյան Հայաստանում: Այն միայն ճանաչողական բնույթ չունի: Հրապարակախոսական ստեղծագործություններով ու երաժշտական ձեւավորմամբ ներկայանում են Կարսն ու Անին, Արածանին ու Նեմրութը, Վանա լիճն ու ձյունափառ Արարատըՙ առաջացնելով անանց կարոտ:

«Այս ֆիլմում արտահայտվում են իմ հույզերը, խոհերն ու մտորումները: Նկարահանել եմ անձնական սիրողական տեսախցիկով: Նկարահանման ընթացքում իմ հոգին խռովված էր, ցավ էի զգում, անընդհատ ինքս ինձ հարց տալիսՙ արդյոք մենք ճի՞շտ ենք ապրել, արդյոք մենք էլ մեղքի մեծ բաժին չունե՞նք, որ կորցրել ենք այդ հրաշք երկիրը»:

Աչքերիդ առջեւ պատկերանում են դարավոր պատմության խոսուն վկաներըՙ մշակութային, ճարտարապետական կոթողները, եկեղեցիներն ու խաչքարերը, որոնք էկրանից այս կողմ էլ ծանոթ են, հարազատ ու սիրելի:

«Ֆիլմի վերնագիրը սիմվոլիկ է, ասում է Լիլիթը: Հողի խորհուրդը հետեւյալն է: Եթե հայ ես ծնվել, ուրեմն խաչ ունես կրելու, դա միայն քրիստոնյայի խաչը չէ, այլ հայրենի երկիրը պաշտպանելու պարտականությունը: Եթե հող ունես, պետք է պահես ու շենացնես, որպեսզի պատմության էջերում արյունալի դեպքերը չկրկնվեն»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4