«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԸ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԴՆԵԼՈՒ ԲԱՆ ՉԷ

Ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը

Բյուրականի աստղադիտարանում այժմ Ռուսաստանի աստղագետների հետ համատեղ վերականգնում են 20-րդ դարի ամենահայտնի դիտակներից մեկը, որը 1990 թվականից չի աշխատում: Շմիդտի 1 մետրանոց աստղադիտակը գերմանական «Ցայթ» ֆիրման էր պատերազմի ժամանակ պատրաստում: Կոնկրետ այդ դիտակը Հիտլերը պատրաստվում էր նվիրել Մուսոլինիին, որպեսզի դա ծառայի իտալական աստղագիտությանը: Հետո դեռեւս անավարտ այդ աստղադիտակը որպես ռազմավար բերվեց Խորհրդային Միություն: Երկար ժամանակ դրա ավարտման աշխատանքները կատարվում էին Սանկտ Պետերբուրգի օպտիկամեխանիկական գործարանում, բայց երբ բաժանվում էր ավարը, Վիկտոր Համբարձումյանը հենց սկզբից ձեռքը դրեց վրան. «Էս մենք Բյուրական կտանենք»: Այն տեղադրվեց Բյուրականում, դարձավ միակ գործիքը, որի բացումը արել է երկրի ղեկավարը` Նիկիտա Խրուշչովը: Այսինքն` այս դիտակի պատմության մեջ խառնված են մի քանի երկրների ղեկավարներ, եւ վերջապես դա տեղադրվել է 20-րդ դարի ամենաճանաչված աստղագետներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի ղեկավարած հիմնարկում: 20-րդ դարի ամենից արդյունավետ աշխատող դիտակներից մեկն է, տեղադրվել է 1960 թվականին, մի շարք հայտնագործությունների համար օգտակար է եղել, 1990-ին փակվել է: Հիմա վերականգնում ենք ռուսների հետ, որովհետեւ այդ դիտակը կերակրում էր աշխարհի ավելի մեծ դիտակների` նրա հայտնաբերած օբյեկտներն ուսումնասիրվել են աշխարհի բոլոր մեծ դիտակների վրա:

Այս հետաքրքրական պատմությունը մեզ պատմեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը երեկ, «Ուրբաթ» ակումբում: Աստղադիտարանը հիմա իր լավագույն ժամանակները չի ապրում: Ժամանակին Բյուրականի աստղադիտարանը դարձել էր Հայաստանի դիմագծերից մեկը, ինչպես աստղագիտությունն էր մի ժամանակ մեր մշակույթի մի մասը: Հայաստան այցելող պետական-կառավարական կամ այլ պատվիրակություն չէր շրջանցում Բյուրականի աստղադիտարանը, ինչպես Սեւանա լիճը, Գառնի-Գեղարդը... Այսօր ընդհանրապես վերաբերմունքն ընդհանուր գիտության նկատմամբ է ոչ շատ բարեհաճ, ցավում է Հ. Հարությունյանը, արժեք է դարձել այն, ինչ հայկական շքեղ սուպերմարկետներում կարելի է դնել վաճառասեղանի վրա: Աստղագիտական գիտելիքը սուպերմարկետում դնելու բան չէ, դա ժողովրդին եւ ողջ գիտությանը պատկանող գիտելիք է:

Ինչո՞վ է զբաղվում այսօր Բյուրականի աստղադիտարանը. ինչպես եւ ի սկզբանե` յուրահատուկ խնդիրներով` շարունակում է ուսումնասիրել տիեզերքի ակտիվ երեւույթները, որոնք տիեզերքի դանդաղ փոփոխությունների ֆոնին արագ փոփոխություններով ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ է գնում գործընթացը. մինչեւ Բյուրականի հետազոտություններն աշխարհում կարծում էին, թե բոլոր աստղերը նույն տարիքի են, համբարձումյանական գաղափարները տիեզերքին կյանք տվեցին, եւ աշխարհը տեղյակ եղավ, որ այսօր էլ ծնվում եւ մեռնում են աստղեր: 5 թեմա է աշխատում, հիմնական միջոցները ստացվում են դրսի գործընկերներից: Վերջին տարիներին վերականգնվում է այն, ինչ կորսվեց 90-ականներին. սուղ պետական ֆինանսավորումը, բազմաթիվ խոչընդոտները, տեխնիկական թարմացման մշտական հրամայականն, այնուամենայնիվ, չեն կարողանում խանգարել մեր գիտնականներին դուրս մնալ աստղագիտության համաշխարհային շարժընթացից: Ճիշտ է, աստղադիտարանի աշխատակիցների միջին տարիքն անցնում է 50-ից, միջինը 25 հազար դրամի աշխատավարձ են ստանում, երիտասարդ աստղաֆիզիկոսներն աշխատանք են գտնում արտերկրում, աստղադիտարանի տարեկան ֆինանսավորումն ընդամենը տարեկան 50 մլն դրամ է, աստղադիտարանը տասներեք տարի չի վճարել աստղագիտական միջազգային ընկերակցության անդամավճարը, լավ է դեռ` անցյալ համբավի հաշվին մեր երկրին չեն հեռացնում: Աստղադիտարանի պրոբլեմներին, գիտական ծրագրերին առավել մանրամասն անդրադարձ «Ազգն» անելու է իր մոտակա հավելվածներից մեկում: Ավելացնենք միայն, որ եկող տարի նշվելու է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը, որը միջազգային հնչեղություն է ունենալու, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ գուցե եկող տարին համբարձումյանական տարի հայտարարի, եւ ըստ Հ. Հարությունյանի` արժե, որ այդ խոսուն տարեթիվը մեր երկիրը նշի ըստ արժանվույն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4