«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2007-03-22 | #53, 2007-03-23 | #54, 2007-03-24


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՉԻ ԾԱՌԱՅՈՒՄ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Մտահոգված են երիտասարդները

Այս մտահոգությունը երեկ արտահայտեցին մի խումբ ուսանողներ «Կոնգրես» հյուրանոցում` «Ուսանողի ձայն» համաուսանողական պարբերականի եւ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որը նվիրված էր «Մամուլի դերը երիտասարդական հիմնախնդիրների համատեքստում» թեմային:

Ուսանողական եւ երիտասարդական 9 պարբերականների, ինչպես նաեւ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին, որ առհասարակ մամուլը, իսկ մասնավորաբար ուսանողական մամուլը ոչ բավարար կերպով է անդրադառնում երիտասարդության հիմնախնդիրներին, որի հիմնական պատճառներից է նաեւ նրանց կախվածությունը բուհի ղեկավարներից: Պակաս կարեւոր չէ նաեւ երիտասարդների անկազմակերպվածության եւ անտարբերության հարցը:

Իրանագետ Թադեւոս Չարչյանը կարծում է, որ մամուլ չկարդալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ երիտասարդները իրենց հոգսերի արտացոլումը չեն գտնում մամուլում: Իսկ հեռուստաընկերությունները, երիտասարդի խոսքով, ունեն երիտասարդական ժամանցային հաղորդումներ, որոնք բնականաբար չեն կարող անդրադառնալ երիտասարդների իրական խնդիրներին:

Ուսանողական պարբերականների ներկայացուցիչները նշեցին, որ անդրադառնում են ուսանողների խնդիրներին, բայց դրանից ավելի ոչինչ չեն կարող անել: «Ուսանողները սակավ կազմակերպված են, դրա համար էլ քիչ են մեր խնդիրներին վերաբերող հոդվածները», վստահ է հայ-ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչ Տիգրան Շագունցը:

Ուսանողները միասին քննարկեցին խնդրից դուրս գալու ելքը եւ ստորագրեցին փոխհամագործակցության հուշագիր, որտեղ մասնավորապես ասվում է. «Ուսանողի ձայն» համաուսանողական պարբերականի խմբագրական խորհուրդը կոչ է անում բոլոր ուսանողական պարբերականների ներկայացուցիչներին համախմբվել եւ համագործակցել տեղեկատվական դաշտում, ինչը կնպաստի ավելի անաչառ արծարծել այսօրվա երիտասարդությանը հուզող խնդիրները»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4