Հայաստանում պաշտոնապես սգի օր է հայտարարվել ապրիլի 28-ը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թաղման օրը, սակայն երեկվանից արդեն հանրապետությունում հետաձգվեցին կամ չեղյալ հայտարարվեցին նախապես ծրագրված բոլոր կարգի միջոցառումները:
Երեկ Հունաստանի ազգային օրն էր, սակայն Հայաստանում Հունաստանի դեսպանատունը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ չեղյալ է հայտարարել այդ առթիվ անցկացվելիք միջոցառումը:
Հայաստանում Բրիտանական խորհուրդը 1 շաբաթով հետաձգեց Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացումը: Երեւանում փառատոնը կանցկացվի ապրիլի 3-7-ը, Գյումրիում` ապրիլի 5-7-ը:
Հայաստանում Ռումինիայի դեսպանատունը եւս հետաձգեց երեկ նախատեսված պաշտոնական կոկտեյլը` նվիրված ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Այն տեղափոխվել է հինգշաբթի:
ՀՀ վարչապետի մահվան կապակցությամբ մեկ շաբաթով հետաձգվել են Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում մարտի 26-ից ապրիլի 1-ը նախատեսված միջոցառումները եւս: Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների մշակույթի նախարարների աշխատանքային հանդիպումներ, կանցկացվեն լուսանկարչական եւ գեղանկարների ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայկական կինոյի օրեր:
Երեկ տեղի չունեցան նաեւ մայրաքաղաքի հյուրանոցներում նախատեսված սեմինարներ ու ասուլիսներ, քաղաքապետարանում չկայացավ լրագրողների հետ ավանդական ճեպազրույցը:
Հետաձգումներին միացավ նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, մարտի 30-ի համար նախատեսված հանրահավաքը տեղափոխելով ապրիլի 13-ին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ