«Վարչապետի գործունեության 7 տարիների ընթացքում այնպիսի մթնոլորտ էր ձեւավորվել, երբ կառավարությունը մեզ դիտարկում էր որպես երկխոսության եւ վեճերի կողմ: Մեզ հուզող բոլոր հարցերի կապակցությամբ մենք կարող էինք անարգել դիմել վարչապետին: Անդրանիկ Մարգարյանի մահը մեզ համար մեծ կորուստ էր: Արդյոք հնարավոր կլինի՞ նոր վարչապետի հետ նույնպես պահել այդ հոգեբանական մթնոլորտը: 4 շաբաթ առաջ ես հանդիպում ունեցա վարչապետի հետ եւ կապված ընտրական գործընթացների հետ բարձրացրեցի նաեւ փոխգործակցության ժառանգականության պահպանման հարցը: Նա ինձ խորհուրդ տվեց չանհանգստանալ, ասելով, որ այդ ժառանգականությունը կպահպանվի», վարչապետի մահվան կապակցությամբ երեկ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորեց վարչապետի դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում: «Նա ղեկավարում էր այդ նպատակով ստեղծված խորհուրդը եւ կարեւորություն էր տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը: Դրա ուղղակի հետեւանքները զարգացումներն են այստեղ եւ կառավարության ձեռնարկած կոնկրետ քայլերն այդ ուղղությամբ: Մասնավորապես ինտերնետի զարգացմանն ուղղված վերջերս ընդունած որոշումները», նշեց հիմնադրամի տնօրենը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ