Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանկարծամահ եղած Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: «Մենք կորցրել ենք պետական գործչի, գործընկերոջ եւ ընկերոջ, ով տասնհինգուկես տարվա մեր անկախության պատմության մեջ 7 տարի գլխավորել է կառավարությունը, եւ այդ տարիները պետության լավագույն տարիներն են եղել: Մի մարդ, ով զբաղեցնելով պետական այդ բարձր պաշտոնը` եղել ու մնացել է համեստ, հանդուրժողական եւ պարկեշտ», ասել է նախագահ Քոչարյանը: Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը եւ հանձնարարել հրաժարական տված կառավարության անդամներին շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: