Սերժ Սարգսյանը ապագա վարչապե՞տ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին կառավարության ղեկավարի պաշտոնը բաժին հասավ շատ դժվար մի ժամանակահատվածում. 7 տարի առաջ հայտնի դեպքերից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, որը կարող էր ուզած վարչապետին կարճ ժամանակում տապալել: Կամ առնվազն արժեզրկել ե՛ւ որպես պաշտոնյա, ե՛ւ որպես կուսակցության ղեկավար: Իհարկե, հայտնի էր Մարգարյանի անցած ուղին, քաղաքական այլախոհության եւ հայ դատին սատար կանգնելու համար խորհրդային բանտում հայտնվելը, բայց լայն հասարակությունը նրա որակներին այնքան էլ ծանոթ չէր: Նա ինքն անձնապես կարողացավ դուրս գալ անհավանական դժվար իրավիճակներից եւ նպաստել, որ երկիրն էլ դուրս գա ճգնաժամային վիճակից: Ով ինչ ուզում է ասի, բայց փաստն այն է, որ դժվարին վիճակից մենք բոլորս դուրս եկանք նաեւ Մարգարյանի խոհեմ որոշումների եւ պահվածքի շնորհիվ: Նրա կուսակից եւ ընկեր, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքը կիրակի օրը, վարչապետի մահվանից հետո, իսկապես արտացոլում է նրա բնավորության այն գիծը, որն անհրաժեշտ է երկրի ղեկի մոտ կանգնած մարդուն, եւ էլի անհրաժեշտ է լինելու նրան, ով նրա տեղը գրավելու է. «Նա կարողանում էր միմյանցից ամենահեռու եզրերը իրար մոտ բերել եւ երկիրը հեռու պահել ցնցումներից»: Գուցե հենց այդ է պատճառը, որ նրա հանդեպ ակնածանք կար ոչ միան իշխանական հատվածի տարբեր թեւերում, այլեւ ընդդիմադիր կուսակցություններից շատերի ղեկավարներն էին նրան լավ վերաբերում: Ու այս երկու օրը Հանրապետական կուսակցության գրասենյակ` նրա կուսակից ընկերներին ու վարչապետի բնակարան` նրա հարազատներին այցելեցին քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի կուսակցությունների ղեկավարների մեծ մասը:
Հատկապես մենք` լրագրողներս բազմիցս ականատես ենք եղել, թե նա ինչպես անտես չէր անում ոչ մի լրագրողի հարց, եւ անգամ հոգածաբար էր վերաբերվում իրեն արմատական քննադատության ենթարկած լրագրողներին: Կամ` բոլորս ենք ականատես եղել, թե Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, քննադատության ամենաթունդ համեմունքներն օգտագործած ընդդիմադիր պատգամավորներին պատասխանելիս ինչպես էր մտերմաբար դիմում` Արշակ ջան, կամ Հմայակ ջան, եւ մանրամասն անդրադառնում նրանց բարձրացրած հարցերին, մինչդեռ եղել են նախարարներ, որոնք բարկացել կամ կոպտել են իրենց դուր չեկած հարցը բարձրացնողին:
Վարչապետի երկարակեցությունն այդ պաշտոնում, այո, կամաց-կամաց իր բացատրությունն ունեցավ. քաղաքական եւ կուսակցական աշխատանքի փորձառությունը նրան թույլ էին տալիս իմաստնություն ու գործնական խելք դրսեւորել, մշտապես լողալով ու շրջանցելով խութերը, սահուն դուրս գալով դժվարություններից, ամենահնարամիտ եւ ճկուն լուծումները գտնելով թվացյալ անելանելի իրավիճակներից: Հենց այդպես է լինում պետական պաշտոնյան, այն մարդը, ումից ճակատագրեր են կախված, ով պատասխանատու է երկրի ու ժողովրդի համար:
Երեկ շատ դժվար էր խոսում վարչապետի կողքին երկար տարիներ եղած ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ որի մեծ վշտի մեջ մեկ մխիթարանք կա` մեծ պայքարը մեծ զոհեր է պահանջում. «Ինքն անխնամ վերաբերվելով իր առողջության նկատմամբ` նորից կրկին անձնուրացության դասեր տվեց մեզ բոլորիս»:
Դժվար չի՞ լինելու Հանրապետականի համար առանց Ա. Մարգարյանի նախընտրական այսպիսի մի ժամանակի մեջ` փորձություններին դիմակայելու առումով. ըստ Գ. Սահակյանի` Հանրապետականը վճռական է եղել բոլոր դժվարին իրավիճակներում, ՀՀԿ առաջնորդները կարողացել են կուսակցությանն առաջնորդել. «Դա մեզ միշտ վճռականություն է հաղորդում, իսկ Անդրանիկ Մարգարյանի գործոնը այս պահից սկսած եւ տարիներ շարունակ լինելու է բոլոր խնդիրներում»:
Իսկ ՀՀԿ ղեկավարությունը երեկ ստանձնած Սերժ Սարգսյանի մասին էլ ասաց, թե նա կկարողանա միավորել բոլոր հանրապետականներին եւ շարունակել վարչապետի գործը. «Հավասարակշռված քաղաքական գործիչ է, տարիների փորձը ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանը նույնքան վճռական է եւ կարողանում է իր իմաստնությամբ ոգեկոչման դասեր տալ նաեւ այս օրերին»: Ապա ավելացրեց, թե ամենամեծ հարգանքի տուրքը Անդրանիկ Մարգարյանին կլինի պետության կայունության պահպանումն ու նրա սկսած գործը շարունակելը. «Բնականաբար շարունակելու ենք, չենք ընկճվելու եւ չենք ընկճելու ժողովրդին»:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւս ժլատ չէր իր գնահատականներում. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, որովհետեւ ոչ միայն Հանրապետական կուսակցությունը կորցրեց, այլեւ մենք բոլորս կորցրինք: Իշխանական թեւում նա այն եզակի մարդկանցից էր, որը վարչապետ լինելուն բնական ճանապարհով էր հասել. 17 տարեկանից իրեն նվիրել էր մի գործի, եւ իր բախտից պետությունը դարձավ անկախ, եւ իր երազանքներն իրականացան: Շատ շուտ գնաց, եւ շատ բան հետը տարավ: Որովհետեւ Անդրանիկ Մարգարյանը յուրահատուկ հավասարակշռություն էր մտցնում քաղաքական դաշտում` իշխանական թեւի, ընդդիմության, ժողովրդի տարբեր շերտերի մեջ: Մենք էդ կորուստը կզգանք, սկզբում փոքր տարբերություններ կլինեն, բայց ժամանակի ընթացքում ավելի խորը կզգանք մեր կորուստը»:
Հ.Գ. Ո՞վ կլինի վարչապետ` մինչեւ Ազգային ժողովի նոր ընտրությունները: Սահմանադրական նոր փոփոխություններով հաջորդ գումարման ԱԺ-ի ընտրվելուց հետո եւ նախագահի ներկայացմամբ կնշանակվի վարչապետ, վարչապետը կձեւավորի կառավարություն: Սակայն ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի` այս պահին այդ հարցում դեռեւս գործում է հին սահմանադրությունը, հանրապետության նախագահը կնշանակի ժամանակավոր վարչապետ, մինչեւ հաջորդ ընտրություններ: Ի դեպ, սահմանադրական իրավունքի տարբեր մասնագետներ տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը` նկատելով, որ, այնուամենայնիվ, նոր, թեկուզ ժամանակավոր վարչապետի ձեւավորած կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի ԱԺ, իսկ նախընտրական այս ժամանակում ԱԺ հավաքելը գերմարդկային ճիգեր է պահանջելու: Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակը քննարկել է ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որտեղ կարեւորություն է տրվել գործադիր իշխանության հետագա անխափան աշխատանքի ապահովմանը: Ի դեպ` երեկ մի քանի անգամ լուրեր տարածվեցին ապա եւ հերքվեցին, թե վարչապետ է նշանակվել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել էր, թե վարչապետի նշանակումը պետք է իրականացվի քաղաքական ուժերի նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա` չբացառելով նաեւ իրենց սատարումը, եթե վարչապետ նշանակվի Սերժ Սարգսյանը: