«Մենք դատապարտում ենք սեւ ցուցակների օգտագործումը եւ առաջնահերթ տեղեկություն ստանալու հնարավորությունից լրագրողներին զրկելու, նրանց չեզոքացնելու փորձերը: Զինված ուժերը, որոնք ներկայանում են որպես հասարակության պահապաններ, լռեցնում են այն լրագրողներին, ում համարում են անախորժությունների աղբյուր: Նման գործընթացները համահունչ չեն ժողովրդավարական սկզբունքներին», նշել են «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության անդամները, պաշտպանելով թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների` «Լրագրողների թուրքական ասոցիացիայի», «Լրագրողների ժամանակակից ասոցիացիայի», «Թուրքիայի լրագրողների միության» եւ «Մամուլի խորհրդի» ձայներն ընդդեմ բանակի բարձրագույն հրամանատարության եւ վարչապետի գրասենյակի կիրառած մեթոդների:
Ըստ Ժան Էսքիյանից ստացված հաղորդագրության, աղմուկը բարձրացել է, երբ մարտի 8-ին եւ 9-ին լուրեր են թափանցել եւ հայտնվել լրատվամիջոցներում, որ բանակն ու վարչապետի գրասենյակը «վարձատրում են» կամ «պատժում» լրագրողներին ըստ նրանց «հավատարմության»: Եթե պաշտպանում են կառավարության քաղաքականությունը, վարձատրվում են, եթե քննադատում են` պատժվում: Լուրերի արտահոսքում նշվում է, որ այդ գերատեսչությունները խախտում են նաեւ հավատարմագրման համակարգը, որը Թուրքիայում միշտ էլ եղել է վիճահարույց խնդիր: 2006 թվի նոյեմբերին բանակի հասարակության հետ հարաբերությունների բաժնի գաղտնի կարգադրությունը նպատակ էր հետապնդում «գնահատել զանգվածային լրատվության միջոցների հավատարմությունը» առաջին հերթին թուրքական զինված ուժերին (ԹԶՈւ) եւ արգելել գործունեությունը բոլոր մյուսների, որոնք դեմ են արտահայտվում զինվորական միջոցառումներին:
«Ռադիկալ» օրաթերթի վերաբերյալ, օրինակ, նշվել է, որ «ԹԶՈւ-ն պետք է մոտիկից հետեւի այդ թերթին», որովհետեւ երբեմն անարգական բառեր են հայտնվում նրա էջերում: Թերթի հավատարմագրությունը վերանորոգվել է, երբ պատասխանատու խմբագիր Իսմեթ Բարքանը «զգուշավորություն է դրսեւորել», բայց քննադատական հոդվածներով հանդես եկող 4 լրագրողներ` Մուրատ Բելգեն, Նուրայ Մերտը, Յըլդրըմ Թուրքերը եւ Հասան Ջելալ Գյուզելը անհատական հավատարմագրեր չեն ստացել:
Անգլիայում հրատարակվող «Ջեյնի պաշտպանություն» շաբաթաթերթի հավատարմագրությունը շարունակվել է, բայց նրա թղթակիցներից Լեյլա Սարըիբրահիմօղլուին արգելվել է մասնակցել «ԹԶՈւ-ի» լրագրողների համար նախատեսված միջոցառումներին, երբ նա հոդված է տպագրել պահպանողական «Բուգյուն» թերթում:
Երրորդ օրինակը «Մամուլի ակումբ» ծրագրի հաղորդավար Էրոլ Մուտերչիմլերին է վերաբերում, որը բանակի գործունեության խիստ քննադատողներից է: Նրա հեռուստատեսային կայանը ժամանակավորապես փակվել է, իսկ մի քանի լրագրողների արգելվել է մասնակցել «ԹԶՈւ-ի» միջոցառումներին:
Թերթերում լուրերի այս արտահոսքի մասին հրատարակումներից մեկ օր անց «Ջումհուրիեթ» օրաթերթը հրապարակել է «վարչապետի գրասենյակի ամենամսյա զեկույցը», որտեղ վերոնշյալ դեպքերը որակվել են «ոչ ճիշտ եւ միտումնավոր»:
Եվրոմիությունը զգուշացրել է, որ Թուրքիան չի կարողանա համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին, եթե բանակը շարունակի միջամտել երկրի կառավարման գործընթացներին: Բանակը, ինչպես հայտնի է, երեք անգամ խլել է իշխանությունը երկրում, վերջին անգամ` 1980-ին:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ