Այսօր մեկօրյա այցով Մոսկվա կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Տարբեր աղբյուրների վկայակոչմամբ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե սպասվում է Ալիեւի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ քննարկվող հարցերի շրջանակում որպես հավանական նշվում են ղարաբաղյան հարցի կարգավորումը, Ադրբեջանի տարածքում ամերիկյան հակահրթիռային կայանների տեղադրման հարցը, իրավիճակն Իրանի շուրջը եւ այլն: Հետաքրքրական է, որ մինչ Ալիեւի այցելությունը, ըստ «Ազեր.թաժ» գործակալության, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: