«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2007-03-23 | #54, 2007-03-24 | #55, 2007-03-27


ԿՐԱՅՍԼԵՐԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ

Ավստրիացի նշանավոր ջութակահար եւ կոմպոզիտոր Ֆրից Կրայսլերի (1875-1962) նվագադարձություններն այսօր էլ բեմից չեն իջնում: Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած միջազգային մրցույթի դափնեկիրներ, ջութակահար Կարեն Շահգալդյանի եւ դաշնակահարուհի Եկատերինա Լեդենյովայի (երկուսն են Մոսկվայից) երեկոն անցավ կրայսլերյան փոխադրումների նշանաբանով:

Կարեն Շահգալդյանի երեւանյան կանոնավոր այցելությունները վկայում են, որ երիտասարդ ջութակահարը ցանկանում է միախառնվել հայկական երաժշտական մշակույթին: Դա ուրախալի կլիներ, եթե հաշվի առնենք Շահգալդյանի երաժշտական ընդունակությունների բնույթը, նրա հնարավորությունների լայն ընդգրկումը: Քնարական-ռոմանտիկ ոճի ջութակահարը վարպետորեն օգտագործում է հնչողության լայն ներկապնակ, ընդսմին տարբերակելով հնչերանգների ոլորտը: Անթաքույց հուզականությունից զատ, ջութակահարը չի վախենում կիրառել խլացված գունագեղություն եւ թեթեւ վրձնահարվածներ հիշեցնող մտքի թերասություն: Այդ իմպրեսիոնիստական հատկանիշներն ընդհանուր ռոմանտիկ հիմքին զուգորդվելովՙ միստիկության նստվածք էին հաղորդում որոշ ստեղծագործությունների:

Այս առումով փայլուն տպավորություն թողեց Ա. Խաչատրյանի Երգ-պոեմի եւ Մ. Ռավելի Ջութակի սոնատի կատարումը: Խաչատրյանիՙ ձեւով ազատ Երգ-պոեմը (1929), որը կատարողներն զգացին իմպրեսիոնիստական, ռավելյան ավանդույթի ոգով, ունկնդիրներին հմայեց երաժշտության բնական գեղեցկությամբ: Մոսկովյան դուետի նվագում առանձին գծերով ընդգծվեցին հայ երաժշտության դասականի դարձվածքները, ռեպլիկները, աշուղական տարրերը, ստեղծելով կենդանի իմպրովիզացիայի զգացողություն:

Արդիական ձեւով հնչեց Ռավելի Ջութակի սոնատը (1927): Չեզոք տեմբրով հանդարտ առաջին մասը հակադրվեց անսքող տանգո-բլյուզի ոճի պարային (ճիշտ այնպես, ինչպես մեկնաբանում էր Ալֆրեդ Շնիտկեն 1970-ական թթ.) երկրորդ մասին: Տպավորվեց դաշնակահարուհու պարտիայի ռիթմիկ դրվագումը, որը ջութակահարի պարտիայի առաջատար մեղեդին դարձրեց առավել արտահայտիչ: Վերջնամասի անսանձելի շիկացումը նշանավոր երաժիշտներին հնարավորություն տվեց փայլելու ոչ միայն տեխնիկայով, այլեւ անսամբլի ներդաշնակությամբ:

Մ. Ռավելի կատարումը որոշ իմաստով անդրադարձավ Արվո Պյարտի (ծնվ. 1935 թ.) «Fratres»-ի («Եղբայրություն») մեկնաբանման վրա: Տարբեր կազմերի համար էստոնացի վարպետի գրած այդ երկը Երեւանում հաճախ է կատարվում: Գրախոսվող համերգում թեեւ գտնվեց երաժշտության ներքին առանցքը, այդ երկի ճշգրիտ հոգեւոր չափումը ձեռք բերվեց միայն վերջին փուլում: Կարծում ենք, Շահգալդյան-Լեդենյովայի կողմից «Fratres»-ի լավագույն ընթերցումը դեռ առջեւում է:

Ծրագիրն սկսվեց եւ ավարտվեց իտալական երկերով. համերգի սկզբում կատարվեց Տարտինի-Կրայսլերի «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» գործը, վերջում Պագանինի-Կրայսլերի թիվ 24 Կապրիսի վարիացիաները: Շահգալդյանն ուշադրությունը բեւեռեց կատարման վիրտուոզ կողմի վրա: Այդուհանդերձ, առավել շահեկանորեն հնչեցին պատմողական բնույթի ստեղծագործությունները, որոնք գրավում էին մերթ հնչողության լարված հագեցվածությամբ կամ թափանցիկությամբ (Մ. դե Ֆալյայի Իսպանական ժողովրդական սյուիտը, Է. Բլոխի Երեք պատկերը), մերթ ճկուն արաբական մեղեդիների տարաշխարհիկությամբ (Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադեի» հատվածները Ֆ. Կրայսլերի նվագադարձությամբ):

Համերգի հաջողությանը մեծապես նպաստեց դաշնակահարուհի Եկատերինա Լեդենյովան, որը Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆեսոր Յու. Հայրապետյանի ընթերական է: Նրա փայլուն եւ արտիստիկ նվագը դահլիճում ոչ ոքի անտարբեր չթողեց:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4