Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը սովորական հայ մարդուն անտարբեր չի թողել: Փողոցներում եւ փոխադրամիջոցներում ամենուր քննարկվում են մահվան մանրամասները, ինչ-որ ձեւով նրան առնչվող մարդիկ հիշում են պատառիկներ այդ առնչությունների մասին, իրավիճակի սեփական «քաղաքական» վերլուծությունն անում, ցավում եւ ափսոսում: Ավանի Սայաթ-Նովա թաղամասում դեպի վարչապետի տուն երեկ ողջ օրը չէր դադարում մարդկանց հոսքը: Աշխատանքային կոլեկտիվների հետ մեկտեղ անընդհատ գալիս ու գալիս էին հասարակ հայ մարդիկ, որոնք համբերությամբ ժամերով հերթ էին կանգնում` ներս մտնելու եւ իրենց վերջին հրաժեշտը տալու վարչապետին: Բավական երկար հերթ էր ձգվել Սայաթ-Նովա-8 շենքից մինչեւ Բաբաջանյան փողոցի մատույցներ, հարյուրավոր ծաղկեպսակների համար վարչապետի շենքի բակում տեղ չկար: Իսկ այսօր արդեն մարդիկ կարող են օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շենքում, ժամը 12-ին իրենց վերջին հրաժեշտը տալ Անդրանիկ Մարգարյանին: Ի դեպ` այդ արարողությունը կհեռարձակվի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Երեկ այս եւ հուղարկավորության հետ կապված մի շարք այլ հարցերի վերաբերյալ որոշումներ է ընդունել վարչապետի մահվան կապակցությամբ ստեղծված հուղարկավորության պետական հանձնաժողովը:
Մոտավորապես 10.40-ին հուղարկավորության թափորը վարչապետի ամենօրյա աշխատանքային երթուղով` Ավան-Առինջ թաղամասի մոտով, Աճառյան-Մյասնիկյան-Հերացի-Նալբանդյան փողոցներով անցնելով` կանգ կառնի Հանրապետական կուսակցության շենքի մոտ (Մելիք-Ադամյան փողոց) մոտավորապես ժամը 11:05-ին, ժամը 11:10-ին թափորը կհասնի կառավարության շենքի մուտքի մոտ, 10 րոպե անց կշարժվի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ հրաժեշտի արարողությունը կտեւի ժամը 12-ից մինչեւ 14:30: Ապա վարչապետի դին դուրս կբերվի օպերայի եւ բալետի շենքից, հուղարկավորության թափորն այնուհետեւ կշարժվի դեպի Կոմիտասի անվան պանթեոն` անցնելով Սայաթ-Նովա, Խանջյան, Ագաթանգեղոսի փողոցներով եւ Արշակունյաց պողոտայով: Ժամը 15-ին կկատարվի հուղարկավորության արարողությունը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ