Այսօր Հայաստանում սգո օր է: Հողին է հանձնվում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աճյունը: Նրա անժամանակ մահը ցնցել է ողջ Հայաստանը: Իսկ հայաստանյան իշխանությունները ցավակցական հեռագրեր են ստացել աշխարհի տարբեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից: Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին ցավակցական հեռագրեր են հղել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:
Երեկվա համարում, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, այդ մասին նշել էր «Զամանը», մասնավորապես գրելով. «Այսօր Անկարան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան առնչությամբ ցավակցական հեռագիր է հղում Երեւանի վարչակարգին: Սակայն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով այդ հեռագրերը փոխանցվելու են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիով: Վրաստանում Թուրքիայի դեսպանը Հայաստանի դեսպանին է հանձնելու վարչապետ էրդողանիՙ նախագահ Քոչարյանին հասցեագրած հեռագիրը: Նույն ձեւով Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին է հանձնվելու նաեւ փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ցավակցական հեռագիրը»:
Թուրքական թերթը, հիշեցնելով Հրանտ Դինքի հուղարկավորությանը ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի մասնակցության մասին, գրում է, որ Անկարան վարչապետ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու որեւէ հրավեր դեռեւս չի ստացել եւ պաշտոնական հրավեր ստանալու դեպքում կճշտի իր դիրքորոշումը:
«Զամանն» Անդրանիկ Մարգարյանի մահվան հնարավոր հետեւանքների առնչությամբ դիմել է հայ-թուրքական հարաբերությունների մասնագետ Քամեր Քասըմի կարծիքին: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանում գործում է նախագահական համակարգը, հետեւաբար վարչապետի մահը դրական կամ բացասական որեւէ ազդեցություն չպետք է ունենա այդ հարաբերությունների վրա: Նա միաժամանակ նոր վարչապետի հնարավոր թեկնածուների թվում նշել է արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի անունները:
«Զամանի» հրապարակման ճշտությունը չկարողացանք ստուգել, պարզապես ասենք, որ վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Գյուլի ցավակցական հեռագրերի մասին հրապարակումներ այլ թերթերում չեն եղել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ