ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել է այն օրինագիծը, որով հավանություն է տրվում ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը: Պալատի քարտուղարության հրապարակման համաձայն, «ՆԱՏՕ-ում ազատությունն ամրապնդելու 2007 թ. ակտ» կոչվող օրինագիծն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:
Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր Սենատում: Մնում է, որ ստորագրությամբ այն հաստատի նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ Վրաստանը եւ Ուկրաինան սերտորեն գործակցում են ՆԱՏՕ-ի հետ եւ ձգտում են համապատասխանել իրենց ներկայացվող չափանիշներին:
Օրինագիծը նաեւ հանձնարարում է Վրաստանը եւ Ուկրաինան ընդգրկել «Անվտանգության ոլորտի աջակցություն» ամերիկյան ծրագրում եւ միջոցներ հատկացնել 2008 թ. դաշնային բյուջեից:
Կոնգրեսի բյուջետային վարչության վերջին տեղեկանքի համաձայն, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար 2008 թ. Ալբանիային, Խորվաթիային, Մակեդոնիային, Վրաստանին եւ Ուկրաինային ընդհանուր առմամբ կհատկացվի 12 մլն դոլար:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ