«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2007-03-24 | #55, 2007-03-27 | #56, 2007-03-28


ԻՆՉՈՒ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

«Ազգ» օրաթերթի մարտի 23-ի համարում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի անստորագիր հարցազրույցում վերջինս հայտարարել է, թե իրենք «մեծամասնականով առաջադրել են թեկնածուի, ոչ թե բենզին ծախողի»: Նաեւ ասում է, որ իրենք բենզինի կամ գազի սեփականատեր չեն: Հրանտ Վարդանյանի որդին առաջադրված է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում, ուր չկան բենզին ծախող կամ բենզինի սեփականատեր թեկնածուներ: Սակայն սեփական որդու քաղաքական օպոնենտների մասին անտեղյակությունը չէ ամենացավալին: Ցավալին Միքայել Վարդանյանի հոր` Հրանտ Վարդանյանի տրամաբանությամբ մարդկանց բաժանումն է: Եթե հարցը ծախող-չծախող հարթությունում է, ապա ոչ մի տարբերություն չկա բենզին կամ կոնֆետ ու սիգարետ ծախողի միջեւ, բենզինի եւ հրուշակեղենի ու հեռուստաընկերությունների սեփականատիրոջ միջեւ: Ով-ով, բայց գործարար Հրանտ Վարդանյանը պետք է, որ իմանար. ճիշտ է ասել գործարար կամ ձեռներեց, ոչ թե ծախող: Իսկ ընդհանրապես մարդու մասին խոսելիս հարկ է նկատի առնել նրա հմտությունները, փորձը, անցած ճանապարհը, դավանած սկզբունքների հավատարմության աստիճանը ու նման չափանիշները: Այս համատեքստում նկատենք, որ Հրանտ Վարդանյանի որդին չորս տարի առաջ սոցիալիստական ուժի` ՀՅԴ-ի շնորհիվ դարձավ պատգամավոր, հիմա փորձում է ազգային-պահպանողական հանրապետականի միջոցով դառնալ եւ այլն:

Հոդվածում Հրանտ Վարդանյանը նաեւ պատմում է Տավուշի մարզում իրենց արածների մասին: Եթե Վարդանյանների ընտանիքի բերած օգուտները այդ տարածաշրջանին եւ նրա բնակիչներին այդքան մեծ են, ինչո՞ւ պարոն Վարդանյանը չի ապավինում ժողովրդի խոհեմությանը, այլ օրենքով սահմանված ժամկետից շուտ քարոզչություն է սկսել:

ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Խմբ. կողմից. - Մեզ հայտնի չէ, թե ում նկատի ուներ պրն Հրանտ Վարդանյանը մեր թերթին տված հարցազրույցումՙ մեծամասնականով առաջադրված «բենզին ծախող» թեկնածուի մասին խոսելիս: Սակայն թվում է, որ մեր նամակագիրն ի պաշտպանություն այդ թեկնածուի է գրել իր նամակը: Անշուշտ, դա իր իրավունքն է: Այնուամենայնիվ, կուզենայինք մի քանի կետով ներկայացնել խմբագրության տեսակետն ու ճշգրտումները նաեւ:

1. - Հիշյալ հարցազրույցի հեղինակը մեր աշխատակից Մարիետա Խաչատրյանն է, ում անունը տեխնիկական սխալով դուրս էր մնացել տեքստից, ինչը մարտի 24-ի համարում ուղղել ենք:

2. - Պրն Հրանտ Վարդանյանը ոչ թե մարդկանց է բաժանում, ինչպես գրում է նամակագիրը, այլ գործարարներին, եւ իրավամբ: Ընդունեք, որ արդյունաբերողը եւ վերավաճառողն իրարից տարբերվում են, թեեւ երկուսն էլ նաեւ կոչվում են գործարար կամ ձեռներեց:

3. - Մենք այնքան էլ վստահ չենք, որ 4 տարի առաջ Հրանտ Վարդանյանի որդինՙ Միքայելը, պատգամավոր է դարձել «սոցիալիստական ուժիՙ ՀՅԴ-ի շնորհիվ», թեեւ, ճիշտ է, նա այդ կուսակցության համամասնական ցուցակից էր ներկայացված, սակայն հարկ ենք համարում ճշտել, որ այս անգամ պրն Միքայել Վարդանյանը Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում առաջադրվել է արդեն մեծամասնականով:

4. - Նամակագիրը եթե ուշադիր կարդացել է հիշյալ հարցազրույցը, ապա պետք է նկատած լինի, որ շոշափվող հիմնական թեման Հ. Վարդանյանին պատկանող «Ար» հեռուստատեսությանն էր վերաբերում, նոր շենքին, եւ միայն մեր թղթակցի համառությունն էր պատճառը, որ նա անդրադարձել է նաեւ ընտրություններին: Այլապես, պետք է ընդունել, հեռուստաընկերության սեփականատերը քարոզչության համար այնքան անհրաժեշտություն չէր զգա դիմելու մեր թերթի օգնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4