Որակի պահանջները յուրօրինակ փոփոխություններ են մտցնում շուկաներում: Ու թեեւ ավելի հաճախ ռուսաստանյան իրականության դեպքում որակի ստուգումները պայմանավորված են արտադրանքի «ազգային պատկանելությամբ», ամեն դեպքում դրանց ընդգրկումն արդեն վաղուց չի վերաբերում միայն Վրաստանին ու Մոլդովային: Մասնավորապես օրերս Եկատերինբուրգում «Էխո Մոսկվիի» տեղեկացմամբ, հայտնաբերվել է պեստիցիդների բարձր պարունակությամբ ադրբեջանական նռան մեծ խմբաքանակ: Նռան վաճառքը հսկվում է:
Միեւնույն ժամանակ ադրբեջանական «Դեյ.ազը» յուրօրինակ ձեւով գովազդում է «Արցախ» օղին, ընդ որում ոչ միայն գովազդում, այլեւ մասնավորապես Տուլայում օղու իրացումն ապահովում է ադրբեջանական կողմը: Այն հարցադրմանը, թե ինչպե՞ս է ադրբեջանցին «Արցախ» օղի վաճառում, որի վրա արված մակագրության համաձայն, արցախյան թթի օղու պատմությունն սկսվում է մ.թ.ա. 256 թվականից եւ միայն կապված է թթի արցախյան տեսակի հետ, օղի վաճառող ադրբեջանցին պարզագույն պատասխան տվեց. «Արցախը» լավ է վաճառվում»:
Ավելին, ադրբեջանական մոտեցմամբ, պարզվում է Հայաստանը նաեւ «ալկոհոլային դիվանագիտություն» է բանեցնում: Փաստորեն, լավ էլ ստացվում է: