«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2007-03-24 | #55, 2007-03-27 | #56, 2007-03-28


ՄԻՐԱՆԴԱՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ ՈՒ ՋԵՐՄԵՆ ԹԵՅԼՈՐԻՆ

Կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան, որ անցած տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում պարտվել էր Արթուր Աբրահամին, կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել: Այս անգամ նա մեղադրել է Արթուր Աբրահամին եւ Ջերմեն Թեյլորին այն բանում, որ նրանք աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության համար մենամարտերում որպես մրցակից ընտրում են ոչ ուժեղագույն բռնցքամարտիկներին:

«Միջին քաշում միշտ էլ եղել են չեմպիոններ, որոնք պատրաստ են եղել յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ մենամարտել: Այդպիսիք էին Մարվին Հագլերը, Կառլոս Մոնզոնը եւ Շուգար Ռեյ Ռոբինսոնը: Իսկ ներկայիս չեմպիոններ Արթուր Աբրահամն ու Ջերմեն Թեյլորը քաշային այդ կարգի հեղինակությունը գցում են: Արթուր Աբրահամը շատ էր խոսում իմ հետ կրկին մենամարտելու մասին, սակայն այժմ ծրագրել է ապրիլի 21-ին պաշտպանել տիտղոսը մեկ այլ բռնցքամարտիկի հետ մրցավեճում: Ես գիտեմ, թե որն է ինձ հետ մենամարտելուց խուսափելու պատճառը: Ամեն անգամ, երբ նա նայում էր հայելուն եւ տեսնում, թե ինչ եմ արել նրա հետ մենամարտում, դժվար է նույնիսկ մտածելը, որ կրկին հարկ կլինի անցնել նման փորձության միջով: Արթուրին հարկ է հեռանալ բռնցքամարտից, եթե քաջություն չունի մեկ անգամ եւս հանդիպելու ինձ հետ: Երբ չեմպիոն կդառնամ, կմենամարտեմ նրա հետ, որն արժանի կլինի վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ես չեմ թաքնվի չեմպիոնական գոտու հետեւում, ինչպես դա անում են Աբրահամն ու Թեյլորը: Ես արժանի չեմպիոն կլինեմ, ինչպիսին էր միջին քաշի աշխարհի նախկին չեմպիոն Բեռնարդ Հոպկինսը», հայտարարել է Էդիսոն Միրանդան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4