ՀՀ վարչապետի մահվան կապակցությամբ մոտ 8 տասնյակ ցավակցական հաղորդագրություններ են հղվել «Ազգի» կայքէջին
«Ազգի» էլեկտրոնային ֆորումը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 26-ին ընդհատեց աշխատանքը կայքէջում, որի հյուրն այդ պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: «Ազգ»-ի ֆորումն այս օրերին իր մոտիկ ու հեռավոր ընթերցողներին ու իր աշխատանքի անմիջական մասնակիցներին հնարավորություն ընձեռեց իրենց ապրումներն արտահայտելու Անդրանիկ Մարգարյանի անսպասելի ու անժամանակ մահվան առիթով:
«Ազգի» հասցեով 8 տասնյակ ցավակցություններ են ստացվել Երեւանից, Էջմիածնից, Տորոնտոյից, Նյու-Յորքից, Թեհրանից, Ֆրանսիայից, Վիեննայից, Գլենդեյլից, Հոլիվուդից, Ֆլորիդայից, Հալեպից, Բրյուսելից, Կոստանդնուպոլսից, Գերմանիայից, Անտվերպենից: Հեղինակները վշտակցում ու մխիթարանքի խոսքեր են հղում Մարգարյանների ընտանիքին, հարազատներին, կուսակիցներին, ողջ հայ ժողովրդին: Ներկայացնում ենք տողեր այդ ցավակցական հաղորդագրություններից:
«Թող պարոն Մարգարյանի կերպարը ուսանելի լինի մարդ-պաշտոնյա լինելու համար»:
Ա. Ավետիսյան, Երեւան
«Հայ ժողովուրդը հանձին նրա կորցրեց մեծ քաղաքական գործչի եւ մարդու»:
Աշոտ Նաջարյան, Էջմիածին
«Մեծ մարդ ու քաղաքական գործիչ գնաց, երեւի թե այն քչերից, ովքեր մտածում են պետության ու ազգի մասին: Հույս ունենանք, որ հաջորդը կկարողանա շարունակել այն մաքուր ու ազգանվեր գործը, որ նա սկսել էր»:
Գայանե, Ֆրանսիա
«Կունենա՞նք մի նոր վարչապետ, որ ողորմած Անդրանիկ Մարգարյանի նման մշակույթ կհովանավորի, գրքեր կտպի, ջահելներին արտասահման կուղարկի:
Սա ի՞նչ բան է, միշտ երկրի համար պատասխանատու պահերին կարեւոր ղեկավարներից մեկը մեռնում է»:
Վարդուհի Ստեփանյան, Երեւան
«Խորապես ցավակցում եմ hարգարժան Անդրանիկ Մարգարյանի հարազատներին եւ ողջ հայությանը, մեր ժողովուրդը կորցրեց մեծ մարդու եւ քաղաքական մեծ գործչի: Աստված հոգին լուսավորի»:
Հովհաննիսյան Հարություն, Երեւան
«Նորից համաժողովրդական սուգ է մեր երկրում: Ազգը սգում է իր լավագույն զավակներից մեկիՙ Անդրանիկ Մարգարյանի կորստի ցավը:
Լինելով հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, տոգորված նժդեհյան գաղափարներով, նա իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի անկախ պետականության ձեռքբերման եւ հզոր Հայաստան կերտելու գաղափարներին: Դեռեւս խորհրդային տարիներին, լինելով անկախության պայքարի ակունքներումՙ Ազգային միացյալ կուսակցության շարքերում, նա ազգի ճակատագիրը եւ նրա պայքարը դարձրեց իր սեփական ճակատագիրը եւ մինչեւ իր կյանքի վերջը մնաց իր ժողովրդի կողքին, ապրեց նրա հոգսերով եւ ցավերով եւ իր մեծ ներդրումը բերեց անկախ Հայաստանի կերտման գործում, զոհասեղանին դնելով անգամ իր ամենաթանկ անձնական կապիտալըՙ առողջությունը եւ կյանքը»:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ
ՀՀ վարչապետի մահն իրապես մեծ վիշտ է ողջ հայ ժողովրդի համար: Նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանը մեծ հաջողություններ ունեցավ, որոնք անձամբ ես կապում եմ նրա բարի անվան, համբավի, հանդուրժող ու մեղմ, միեւնույն ժամանակ բանիմաց քայլերի հետ: Նրա անցած կյանքի ուղին պետք է օրինակ լինի երիտասարդներիս համար այն առումով, թե ինչպես կարելի է լինել մի հսկա երկրի կառավարության ղեկին եւ միեւնույն ժամանակ մնալ այդքան համեստ ու բարի, բոլորին լսող ու հասկացող: Կյանքի բերումով ապրել եմ նրա հետ նույն թաղամասում, հարեւան շենքում: Տեսնում եմ, որքան մեծ է մարդկանց բազմությունը, հիանում եմ այն հարգանքով, որը նա վայելում էր կենդանության օրոք: Թող որ այժմ քաղաքական դաշտում գտնվող գործիչներն օրինակ վերցնեն նրանից: Իրապես խիստ ցավում եմ: Դժվար է լինել քաղաքական դաշտում եւ չկորցնել սեփական անձի նկարագիրը, շարունակել հետեւել բարոյականության սկզբունքներին: Այդպիսին էր ՀՀ վարչապետը եւ մնաց, ինչպիսին էր: Ասում են ամենադժվար մասնագիտությունը ՄԱՐԴ լինելն է: ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԱՐԴ ԷՐ»:
Գայանե, Հայաստան, Երեւան
«Անցած տարի ամռանը բախտի բերմամբ ինձ այցելեց բարեկամուհիսՙ Նվարդը, ամուսնուՙ Գեորգիի հետ: Ինձ զարմացրեց, միեւնույն ժամանակ մեծ ուրախություն պատճառեց Նվարդի պատմությունը մեր վարչապետի ու նրա ընտանիքի մասին: Պատմում էր, որ բակում երեխաները նրան Անդրանիկ պապի են կանչում, որ նրա կինը շատ ուշադիր է յուրաքանչյուր հարեւանի թե՛ ուրախության, թե՛ տխրությունների նկատմամբ: Որ ընտանիքն ապրում է Ավանի իրենց նախկին բնակարանում նահապետական, հայկական սովորություններով: Ամեն իմ զարմանքին Նվարդն ասում էր` եկեք մեր տուն, ես կծանոթացնեմ այդ հրաշալի մարդկանց հետ: Հազար ափսոս, որ այն լարված օրերին չկարողացա օգտվել առիթից եւ անձնապես ծանոթանալ այդ հրաշալի մարդկանց հետ, որոնց հարեւանները լինելու բախտն ունեին իմ բարեկամները»:
Ժանետա Հակոբյան, Կանադա, Մոնրեալ
«Հազար ափսո՜ս, որ այդքան վաղ կյանքից հեռացավ այնքան բարի ու այնքան մարդկային Մարդըՙ պետական զարմանալիորեն համեստ գործիչըՙ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ»:
Ժանետա Հակոբյան, Կանադա
«Ցավակցում եմ մեծ ու պարզապես հասարակ մարդու կորուստը»:
Հովիկ Գրիգորյան, Լիտվիա, Վիլնյուս
«Համեստությունը, հանդուրժողականությունը, հավասարակշռվածությունը եւ էլի շատ մարդկային գծեր այն հատկանիշներն են, որ Անդրանիկ Մարգարյանին դարձրին ժողովրդի սիրելին»:
Հովակիմ Հարությունյան, Բրյուսել
«Հայաստանի Հանրապետութեան հայրենակից մեր եղբայր ու քոյրերուն ցաւը կը բաժնենք եւ կը սգանք անսպասելի մահը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Անդրանիկ Մարգարեանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետութեան, ժողովուրդի եւ Մարգարեան ընտանիքի: Կ՛աղօթենք առ Բարձրեալն Աստուածՙ լոյսերու եւ խաղաղութեան մէջ ընդունի հանգուցեալի հոգին»:
Ներսէս, Կոստանդնուպոլիս
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետ պրն Անդրանիկ Մարգարեանի անժամանակ մահուան տխուր ու վշտալի առիթով Գերմանիայի Հեսեն եւ Ռայնլանդ-Փֆալց նահանգների հայ համայնքների եւ անձնապես իմ անունից Մարգարեան ընտանիքին եւ հայ ժողովրդին բերում եմ մեր խորազգաց ցաւակցութիւնները եւ համայն մեր ժողովրդի հետ սգում նրա վաղաժամ մահը: Կորցրեցինք մեր ժողովրդի արժանաւոր զաւակներից մէկին, իրաւ հայրենասէրին: Խունկ եւ աղօթք նրա յիշատակին: Թող Աստուած նրա հոգուն պարգեւի երկնային հանգստութիւն եւ նրա ընտանիքի բոլոր անդամներինՙ Սուրբ Հոգու մխիթարանք»:
Սերովբէ վարդապետ, Իսախանեան, Գերմանիա
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Անդրանիկ Մարգարեանի ցաւալի եւ վաղաժամ մահուան առթիւ, Հայաստան համահայկական հիմնադրամի Աւստրիոյ Միասնականութեան եւ Աւստրօ-հայկական մշակութային ընկերութեան վարչութիւնների անունից եւ աւստրիահայ հայրենակիցների կողմից մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում Հայաստանի Հանրապետութեան նախագահին, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անդամներին, համայն հայ ժողովրդին եւ հանգուցեալի հարազատներին: Թող Ամենակալ Աստուած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ նրա հարազատներին Աստուածային հոգու մխիթարութիւն եւ համբերութիւն պարգեւի»:
Ճարտարագետ Ռազմիկ Յարութիւնեան-Թամրազեանց, Աւստրիա, Վիեննա
«Խորապես ցավակցում եմ հարգարժան Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին եւ իմ լավ ընկեր Հրանդ Պետրոսյանին ու ցավով հայտնում, որ հայ ժողովուրդը կորցրեց մեծ քաղաքական գործչի եւ մեծ մարդու: Նրա բարի անունը դեռ երկար կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում»:
Ինգիլիզյան, ԱՄՆ, Գլենդեյլ
«Թող մնացող ղեկավարներն իմանան, որ մահն անխուսափելի է բոլորի համար, որ միայն իրենց արած լավ գործերն են մնալու: Աշխարհը ոչ մեկին չի մնացել: Աստված նրա հոգին լուսավորի»:
Ներսես, Բելգիա
«Շատ լավ մարդ էր: Ափսոս, որ գնաց»:
Գեւորգ Հարությունյան, Երեւան
«Նա այս իշխանությունների եզակի նորմալ եւ հայրենասեր մարդկանցից էր, եւ իր գոյությամբ զսպում էր շատերի ախորժակը: Աստված տա, որ Հանրապետականը նոր անդրանիկներ ունենա: Մեծ կորուստ էր բոլորի համար»:
Նարեկ Գալստյան, Երեւան
«Ողջ լատվիահայ համայնքի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին եւ ՀՀԿ կուսակցությանը: Լինելով քաղաքական, հասարակական վառ գործիչ, նա մեծ ներդրում ունեցավ քաղաքական եւ տնտեսական, ինչպես նաեւ սփյուռք-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում»:
«Հավատք» հայկական միություն, Լատվիա
«Ափսոս, հազար ափսոս, որ լավագույն տղերքը հեռանում են»:
Արամ Առուստամյան, Մոսկվա
«Ցավում եմ, իսկապես լավ, բարի, համեստ մարդ էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Չկա մի մարդ, որ որեւէ հարցով, թե՛ անձնական, թե՛ հասարակական, դիմեր նրան եւ մերժում ստանար: Բոլոր հարցերը լուծում էր անմիջապես եւ թեթեւ ձեռքով:
Աստված թող հոգին լուսավորի»:
Ելենա Մակարյան, Երեւան
«Ափսոս, շատ ափսոս»:
Անդրեյ, Մոսկվա
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ