«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է, ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Ռուսաստանում եւ հարաբերությունները հաստատուն, դաշնային բնույթ են կրում», նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջում տեղադրված արտաքին քաղաքականության հայեցակարգում: Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը ձգտելու է թուլացնել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, ավելացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, հասնել տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համադրման առավել բարձր աստիճանի:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Ադրբեջանը որակվում է որպես ռազմավարական առումով կարեւոր գործընկեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: «Մեր հարաբերություններում հաստատված հարգալից մոտեցումը, վստահության եւ իրավահավասարության մթնոլորտն իրենց արդարացրել են: Ադրբեջանի ղեկավարությունն էլ ձգտում է շարունակել Ռուսաստանի հետ մերձենալու քաղաքականությունը», նշվում է փաստաթղթում:

Հարեւան Վրաստանի առնչությամբ Սաակաշվիլու քաղաքական իշխանությունը փաստաթղթում որակվում է որպես էթնիկ ազգայնականության վրա հիմնված իշխանություն, որ վայելում է մի շարք արեւմտյան երկրների, նաեւ ԱՄՆ աջակցությունը: «Թբիլիսին տանում է դեպի գոյություն ունեցող խաղաղապահ եւ բանակցային ձեւաչափերի չեզոքացում, որի հետեւանքով բարդանում է իրավիճակն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջը: Վրաստանը ձգտում է այդ խնդիրների առնչությամբ մեծացնել միջազգային հանրության ուշադրությունը, ներգրավել եվրաատլանտյան կառույցների, եւ այդպիսով հակամարտություններ կարգավորել միասնական Վրաստանի պայմանով:

Հետաքրքրական է, որ փաստաթղթի համաձայն, Վրաստանի մասնակցությամբ հակամարտությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պակաս սուր հարց է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով տարվող քաղաքականությունըՙ օպտիմալ: «Անդրկովկասի տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության ապահովման առումով: Իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, իսկ Վրաստանի պարագայումՙ պայթյունավտանգ: Տարածաշրջանում գոյություն ունեցող «սառեցված հակամարտությունները» տարածաշրջանից դուրս ուժերի կողմից օգտագործվում են ամրապնդելու տարածաշրջանում դրանց ազդեցությունն ի վնաս մեր դիրքերի», նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4