Ըստ երեւույթին արդյունքի չի հանգեցրել բրիտանացի նավաստիներին իրանական գերությունից ազատելու Անկարայի միջնորդությունը
Մարտի 26-ին Անկարա էր մեկնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Մարգարետ Բեքեթը: Հաջորդ օրը նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի, ապա եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նույն օրը տկն Բեքեթն այցն ընդհատելով վերադարձել է Լոնդոն: Մինչդեռ մարտի 28-ին նա, նախնական ծրագրի համաձայն, Անկարայից անցնելու էր Ստամբուլ:
Վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ավարտին Մարգարետ Բեքեթն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ եւ ավելացրել. «Ափսոսանքով պետք է նշել, որ դրական որեւէ զարգացում չի արձանագրվում»: Թուրքական հանրային հեռուստատեսությունը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այցի ընդհատումը պայմանավորում է մարտի 23-ին Պարսից ծոցում բրիտանացի 15 նավաստիների ձերբակալման հետեւանքով Իրանի հետ առաջացած ճգնաժամով:
Քանի որ Մարգարետ Բեքեթի այցի գլխավոր առաջադրանքը բրիտանացի նավաստիներիՙ Թուրքիայի միջնորդությամբ ազատումն էր, ուստի կարելի էր ենթադրել, որ այդ միջնորդությունը, չնայած պաշտոնական Անկարայի պատրաստակամությանն, առայժմ արդյունք չի տալիս: Ինչպես հայտնի է, տարվա սկզբներին Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում ամերիկյան զորքերը ձերբակալել էին հինգ իրանցի դիվանագետի: Դա հիմք էր տվել միջազգային լրատվամիջոցներին պնդելու, որ իրանցիները բրիտանացի նավաստիներին ձերբակալել են հինգ դիվանագետի հետ փոխանակելու նպատակով:
Իրանի արտգործնախարարությունը հերքել է այս պնդումը: ԱՄՆ բանակի ներկայացուցչությունն էլ հերքում է Պարսից ծոցում իրանական զինված ուժերի կողմից ամերիկյան ռազմանավի հրթիռակոծման մասին այդ նույն լրատվամիջոցների տարածած լուրը: Համենայն դեպս, Իրանը 2004 թ. հունվարին եւս գերի էր վերցրել 6 բրիտանացի զինծառայողի: Սակայն երեք օր անց ազատ էր արձակել նրանց:
Ներկա պահին իրավիճակը բոլորովին այլ է: Էրբիլում իրանցի դիվանագետների ձերբակալությունը, Թուրքիայում Իրանի պաշտպանության փոխնախարարի առեւանգումը, որից հետո առեւանգվել է եւս երկու սպա, աննախադեպ սրել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությունը: Հետեւաբար, իրանական գերությունից բրիտանացի նավաստիների ազատումն այդքան էլ հեշտ չի լինելու:
Ուշ գիշեր իրանյան կողմը հայտարարեց, որ այսօր ազատ է արձակվելու գերեվարվածներից մեկըՙ կին զինծառայող:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ