«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2007-03-27 | #56, 2007-03-28 | #57, 2007-03-29


«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԳԻՏԱԺՈՂՈՎ» ԲԱՔՎՈՒՄ

Աշխարհում կան պետություններ, որոնց հասարակություններում բռնությունը պաշտամունքի առարկա է դարձել: Այդ պետություններից պետք է առանձնացնել այսպես կոչված «մեկ ազգին» վերագրվող Թուրքիային եւ Ադրբեջանին: Երբ սրանց չի հաջողվում բռնության միջոցով հասնել չարանենգ նպատակի, սկսում են դիմել խարդավանքների, բարձրացնելով դրա շուրջն աղմուկ-աղաղակ:

Ինչ վերաբերում է թուրքական եւ ադրբեջանական հասարակություններին, ապա դրանցից առաջինը «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչություններով փառաբանում է մարդասպանությունը, իսկ երկրորդը ազգային հերոս է հռչակում մարդասպանին, ինչպես հռչակեց Ռամիլ Սաֆարով կոչված ստահակին:

Թուրքիայում եւ հատկապես Ադրբեջանում կանայք լուրջ մասնակցություն չունեն իշխանությունների ձեւավորմանը: Սակայն դա չի խանգարում, որ նրանք ակտիվ դեր ստանձնեն պետականորեն կազմակերպվող խարդավանքներում: Խոսքը տվյալ դեպքում մարտի 27-ին Բաքվում Թուրք-ադրբեջանական կանանց միության «31 մարտ 1918. ադրբեջանցի թուրքերի դեմ հայերի իրագործած ցեղասպանությունը» թեմայով կազմակերպված միջազգային «գիտաժողովի» մասին է:

Թուրքական հեռուստատեսության տվյալներով «միջազգային» այս գիտաժողովին մասնակցել են քաղաքական եւ գիտական գործիչներ Ադրբեջանից, Թուրքիայից, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից» եւ Իրաքից: Իրաքի պարագայում պետք է ենթադրել, որ մասնակիցները թուրքմեններ են, որոնց ուղղորդում է Թուրքիան:

Գիտաժողովում ելույթ է ունեցել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն, պահանջելով վերլուծել պատմական իրողություններն ու աշխարհին իրազեկել ճշմարտությունը: Մյուս բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են «Խոջալուի ցեղասպանությանը» եւ ընդգծել, որ «աշխարհն անտեսում է այս փաստը, ինչպես նաեւ հայերի կատարած այլ կոտորածները», որոնց վրա պետք է ուշադրություն հրավիրել այդ նույն մեթոդներով, ինչն անում է Արեւմուտքը:

«31 մարտ 1918. ադրբեջանցի թուրքերի դեմ հայերի իրագործած ցեղասպանությունը» թեմայով Բաքվում հրավիրված «միջազգային գիտաժողովն» ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Ահա դրա տեքստը. «Ադրբեջանի Հանրապետությունը որպես 1918-1920 թթ. կազմավորված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավաժառանգորդ, պատժելու է ինչպես այդ տարիներին, այնպես էլ 1988 թ.-ից հետո կատարված կոտորածների եւ ցեղասպանությունների պատասխանատուներին: Հայաստանն ահաբեկչական երկիր է, թուրքերի նկատմամբ թշնամական քաղաքականությամբ տարածաշրջանում եւ աշխարհում սպառնում է խաղաղությանը: Առանց մարելու ահաբեկչական այս օջախը, ադրբեջանական տարածքներն օկուպացումից ազատելու եւ չեզոքացնելու Հայաստանի հողային պահանջներն Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, անհնար է անվտանգություն ապահովել տարածաշրջանում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4