Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին գարեջրի գավաթ է նվիրել, որի վրա պատկերված է 1799 թ. Նապոլեոնի հաղթանակը Օսմանյան կայսրության նկատմամբ: Այդ նվերն առաջ է բերել Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների քննադատությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Երբ լրագրողները Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին հարցրել են, թե նա ինչ է մտածում հուշանվերի կապակցությամբ, Գյուլը պատասխանել է. «Եվրոմիությունը պետք է մտահոգվի ապագայի եւ ոչ թե անցյալի մասին: Անցյալը մշտապես հիշեցնելն անվայել է»:
Թուրքական թերթերը գրում են, որ գավաթի պատկերազարդումը արտացոլում է ԵՄ ղեկավարների թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, որը ձգտում է դառնալ Եվրոմիության անդամ: Ֆրանսպրեսը հիշեցնում է, որ Մերկելը Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հակառակորդներից է եւ առաջարկում է այդ երկրի հետ հաստատել միայն գործընկերության հատուկ հարաբերություններ:
Պատմական թեմայով նկարազարդված հինավուրց գավաթը անցյալ շաբաթավերջին Շիրակին էր հանձնվել Բեռլինում Եվրոմիության 50-ամյակի տոնակատարության ժամանակ: 2007 թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Շիրակը թողնելու է իր պաշտոնը:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ