ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը խանգարելու համար Բուշի վարչությունն օգտագործում է անգամ Իրաքում ծառայող ամերիկացի զինվորներին, գրում է Խաչիկ Մուրադյանը Armenian Weekly շաբաթաթերթի on-line էջում: Անցնող շաբաթների ընթացքում Իրաքում ծառայող զինվորներին հանձնարարվել է զանգահարել իրենց կոնգրեսմեններին եւ պահանջել նրանցից դադարեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւը հովանավորելը, հիշեցնելով այն դժվարությունները, որ նրանք կունենան Իրաքում, եթե բանաձեւն ընդունվի:
Այս մասին հոդվածագրին հայտնել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնեն մարտի 23-ին տված հարցազրույցում: Գնահատելով Թուրքիայի եւ Բուշի վարչության կողմից գործադրվող ճնշումները, կոնգրեսականն ասել է. «Ամեն անգամ, որ մի կոնգրեսական մեկնում է Անկարա կամ Ստամբուլ, ժամերով դասախոսություն է լսում ցեղասպանության չկայացած լինելու մասին, որից հետո սպառնալիքներ է ստանում այն մասին, որ մեր զինվորներն Իրաքում չեն կարող ապահով լինել, եթե բանաձեւն ընդունվի»:
«Նրանք նույնն անում են այստեղ, Վաշինգտոնում, ասել է Փալոնեն: Շրջում են Կոնգրեսի անդամների շուրջը եւ լոբբիինգ են անում: Որոշ դեպքերում հասնում են Իրաքում ծառայող զինվորներին, որոնք զանգահարում են կոնգրեսականներին եւ ասում. «Ես վախենում եմ, որ թուրքերն ինչ-որ ձեւով մեզ պատժելու են, եթե դուք անցկացնեք Ցեղասպանության բանաձեւը»... Եվ (Բուշի) վարչությունը նույնն է անում», ավելացրել է Փալոնեն: