Անալկոհոլ գազային ըմպելիքների մեծամասնությունն անչափ վտանգավոր է ատամի էմալի համար: Այսպես, Coca եւ Pepsi անուններով վաճառվող ընպելիքների քայքայիչ ուժը տասնապատիկ ավելին է, քան մրգահյութինը: Այս հետեւությունը հաստատվել է Հարավային Իլինոյսի նահանգի համալսարանում սննդագետների անցկացրած բավական պարզ հետազոտության արդյունքներով:
«Վաշինգտոն պրոֆայլ» կայքէջը տեղեկացնում է, որ սկզբում բժիշկները գնել են 20 տարբեր անալկոհոլ ըմպելիքներ, այդ թվում դրանց դիետիկ (շաքար չպարունակող) տարբերակները: Ապա նոր բացված ըմպելիքներից մի քանի կաթիլ կաթեցրել են ատամներից նոր առնված էմալի շերտերի վրա: Ընդսմին էմալը կշռել են լիմոնադների ազդեցությունից առաջ եւ հետո:
Պարզվել է, որ էմալի քաշը նվազում է 1,6-5 տոկոսով: Ըստ որում, առավել վտանգավոր թշնամիներ են Coca-Cola, Pepsi-Cola, 7 Up եւ Diet 7 Up ըմպելիքները, որոնց ազդեցությունից ատամի էմալի քաշը պակասում է ավելի քան 5 տոկոսով: Այդ երեւույթի գլխավոր պատճառը համարվում է տվյալ ըմպելիքների թթվայնության բարձր մակարդակը:
Չնայած այս վտանգին, երեխաները շարունակում են մեծ չափերով օգտագործել նման ըմպելիքներ եւ պատանեկության տարիներին ատամների վիճակից այնքան էլ չեն դժգոհում: Այդուհանդերձ ԱՄՆ-ում «փափուկ» (soft) կոչվող ըմպելիքներում կան նաեւ ուրիշ վտանգավոր բաղադրիչներ: Առողջության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալները վկայում են, որ գազով ըմպելիքների լայն սպառման հետեւանքով 1976-2002 թթ. ԱՄՆ-ում գեր եւ ճարպակալումից տառապող անձանց թիվը 47-ից հասել է 65 տոկոսի: Երեխաների ճարպակալումը տեղի է ունենում էլ ավելի արագ տեմպերով: Եթե 1971 թ. ավելորդ քաշ ուներ 6-19 տարեկան ամերիկացիների 5 տոկոսը, ապա 2002 թ. այդ ցուցանիշը հասավ 16 տոկոսի:
Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն, հենց գազավորված քաղցր ըմպելիքների լայն տարածումն է զգալի դեր խաղում այդ երեւույթի մեջ: Գիտնականները նույնիսկ շրջանառության մեջ են դրել «հեղուկ կոնֆետներ» տերմինը, որն առավել ստույգ է սահմանում անալկոհոլ ըմպելիքների էությունը: Բայց եթե կոնֆետներն ուտում են գրամներով, ապա լիմոնադն սպառում են լիտրերով: Հաշվարկված է, որ դեռահասները միայն քաղցր ըմպելիքների տեսքով օրական կլանում են 12-15 թեյի գդալ շաքար:
Տագնապ են հարուցում «քաղցր կոնֆետների» նաեւ մյուս բաղադրիչները: Օրինակՙ կոֆեինն առաջացնում է որոշակի կախվածություն եւ մեծ քանակությամբ օգտագործվելու դեպքում բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա: Ըմպելիքներում պարունակվող որոշ ներկանյութեր կարող են առաջացնել ալերգիա, ասթմա եւ այլ հիվանդություններ: