Նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է նաեւ գործարքների քանակը
Այս տարվա հունվարին Հայաստանում անշարժ գույքի գործարքները նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել են 26,5 տոկոսով, թեեւ դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 31,7 տոկոսով: Գործարքների թիվը կազմել է 8466: Այս մասին տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեզ տրամադրած վերլուծությունից: Ինչպես միշտ, գործարքների գերակշռող մասըՙ ավելի քան 90 տոկոսը կազմել է առուվաճառքը: Դարձյալ նախորդ տարվա հունվարի համեմատ այստեղ ավելի մեծ աճ է արձանագրվելՙ 35,6 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ գործարքների թիվը նվազել է գրեթե 31 տոկոսով: Դեկտեմբերի համեմատությամբ ցուցանիշների անկումը բնական պետք է համարել, քանի որ տնտեսական բոլոր ցուցանիշներով տարվա առաջին ամիսը մշտապես զիջում է տարվա վերջին ամսվան:
Երեւանում վաճառված անշարժ գույքի մեծ մասըՙ 64,4 տոկոսը եղել են բազմաբնակարան շենքերի բնակարանները: Դրանց 1 քմ-ի շուկայական միջին գինը մայրաքաղաքում կազմել է 227 հազար դրամ: Նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 2,3 տոկոս: Ըստ համայնքների, ամենաթանկը վաճառվել են Կենտրոն համայնքի բնակարանները: Այստեղ 1 քմ-ի միջին գինը կազմել է 415 հազար դրամ: Արաբկիրում այդ գինը կազմել է 324 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունումՙ 227 հազար դրամ, Դավիթաշենումՙ 222 հազար դրամ: Այնուհետեւ գալիս են Շենգավիթն ու Էրեբունին, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գները համապատասխանաբար կազմել են 214 հազար դրամ եւ 204 հազար դրամ: Նոր Նորքում 1 քմ-ի շուկայական արժեքը կազմել է 199 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայումՙ 189 հազար դրամ, Ավանումՙ 186 հազար դրամ: Նուբարաշենում բնակարանների գներն ինչպես միշտ ամենացածրն ենՙ 1 քմ-ն 117 հազար դրամ:
Մայրաքաղաքից դուրս հունվար ամսին բնակարաններն ամենաթանկն են եղել Աբովյանում, որտեղ 1 քմ շուկայական միջին գինը կազմել է 126 հազար դրամ, ավելին, քան մայրաքաղաքի Նուբարաշեն համայնքում: Վաղարշապատում 1 քմ միջին գինը կազմել է 109 հազար դրամ, Ջերմուկումՙ 92 հազար դրամ, Աշտարակումՙ 88 հազար դրամ, Նոր Հաճընումՙ 86 հազար դրամ, Ծաղկաձորումՙ 80 հազար դրամ: Ամենաէժան բնակարանները եղել են Լոռվա մարզի Շամլուղ բնակավայրումՙ 1 քմ շուկայական գինը 3000 դրամ, ապա Թումանյանումՙ 5400 դրամ եւ Սյունիքի մարզի Դաստակերտ ավանումՙ 6800 դրամ:
Երեւանի անհատական բնակելի տների միջին շուկայական գինն աճել է 2,5 տոկոսով: Կենտրոնում 250 քմ շինության եւ 400 քմ տնամերձ միջինացված մակերեսներով տների 1 քմ միջին գինը կազմել է 417 հազար դրամ, Արաբկիրումՙ 334 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունումՙ 232 հազար դրամ, Դավիթաշենումՙ 224 հազար դրամ, Շենգավիթումՙ 216 հազար դրամ, Էրեբունիումՙ 206 հազար դրամ, Նորք-Մարաշումՙ 203 հազար դրամ, Աջափնյակումՙ 200 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայումՙ 191 հազար դրամ, Ավանումՙ 188 հազար դրամ եւ Նուբարաշենումՙ 120 հազար դրամ: Մայրաքաղաքային միջին գինը 1 քմ-ի համար կազմել է 230 հազար դրամ:
2007 թ.-ի հունվարին Հայաստանում վաճառվել է 401 անհատական բնակելի տուն, որից Երեւանումՙ 71-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ առուվաճառքի գործարքներն աճել են 9,6 տոկոսով: Ընդ որում, Երեւանում այդ ցուցանիշը նվազել է 9 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած աճել 14,6 տոկոսով:
Մարզերում (առանց Երեւանի) 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ միջին մակերես ունեցող անհատական տների գները նախորդ ամսվա համեմատ աճել են 3,7 տոկոսով: Ամենաթանկ տները դարձյալ նույն քաղաքներում են: Դրանք են Աբովյանը, որտեղ 1 քմ-ի շուկայական միջին գինը 128 հազար դրամ է, Վաղարշապատըՙ 111 հազար դրամ, Աշտարակըՙ 89 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 88 հազար դրամ, Ծաղկաձորըՙ 87 հազար դրամ, ինչպես նաեւ Մասիսըՙ 82 հազար դրամ: Ամենաէժան տները դարձյալ Շամլուղում, Թումանյանում եւ Դաստակերտում են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ