«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2007-03-29 | #58, 2007-03-30 | #59, 2007-03-31


ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ

Մյուսումՙ քար լռություն

Անգլիական «Գարդիան» հեղինակավոր թերթի մարտի 22-ի համարում անդրադառնալով «Նավթ պարենի դիմաց» հայտնի գործարքին եւ Բենոն Սեւանին վերաբերող աղմուկին, լրագրող Այան Ուիլյամսը զարմանք է հայտնում վերջին շրջանում մեկ ուրիշ դեպքի շուրջը տիրող «խլացնող լռության» վերաբերյալ, բայց շերլոկհոլմսյան տրամաբանությամբ անմիջապես բացատրում. «Տարրական բան, սիրելի Վաթսոն, այդ դեպքին առնչվող ամերիկացի պաշտոնյան նախկին հանրապետական կոնգրեսական Պիտեր Սմիթն էր, որին նախագահ Ջորջ Բուշն էր ՅՈՒՆԵՍԿՕ «գործուղել» այդ կազմակերպությունը վերափոխելու նպատակովՙ 19 տարի ամերիկյան «բոյկոտից հետո»: Վաշինգտոնն այդ կազմակերպությունը հակաամերիկյան եւ կոռումպացված էր համարում: Մինչեւ աուդիտորական մի խումբ վերջնականապես հանգեր խայտառակ եզրակացության, նախկին օրենսդիր Պիտեր Սմիթը, որին կաշառակերության եւ «խնամիականության» մեջ են մեղադրում, հրաժարական է տվել իր պաշտոնից: Ըստ պատրաստված աուդիտորական զեկուցագրի, նա խորհրդակցական պայմանագրերը փոքրՙ 100.000 դոլարից պակաս մասերի է բաժանել, որպեսզի կարողանա դրանք փոխանցել «ազդեցիկ մի ընկերության» առանց «գլխացավանքի»: Նա օգտագործել է Աֆրիկայում անգրագիտությունը վերացնելուն նպատակաուղղված ավելի քան 2 մլն դոլար հատկացումը, նաեւ մոտ կես միլիոն դոլարՙ կազմակերպելու քծնողական բնույթի մի հյուրասիրություն իրեն պաշտոնի նշանակած նախագահի տիկնոջ պատվին: Այս փաստերն առաջին անգամ հայտնվել են ֆրանսիական մամուլում երեք ամիս առաջ: Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքը գտնվում է Փարիզում, բնականաբար ֆրանսիական կառավարության աուդիտորական խումբն է մասնակցել ստուգումներին եւ պատրաստել զեկուցագիրը:

Սմիթի գործունեությունից օգտվող ընկերությունը եղել է վաշինգտոնյան «Նավիգանտը», որը ոչ մի կապ չունի կրթական նախաձեռնությունների հետ:

Երբ համեմատում ենք «Նավթ պարենի դիմաց» ծրագրի շուրջը հարուցված աղմուկը եւ սկանդալային պիտակավորումը այս հարցում տիրող քար լռության հետ, հասկանում ենք, որ ՄԱԿ-ում եթե կաշառակերությամբ եք զբաղվում, ապա անպայման պետք է լինեք ազդեցիկ հանրապետական գործիչ, որպեսզի աշխարհն այդ մասին ոչինչ չիմանա, եզրակացնում է լրագրող Այան Ուիլյամսը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4