Այս ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցությունը կորցրել է իր ընտրազանգվածի բավականին զգալի մասը: Հանդես են եկել դաշտի երկու նոր խաղացողներ` «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժողովրդական» կուսակցությունները, որոնք անկախ ընտրողների համակրանքից` կարողացել են ընտրողներին ձգել իրենց կողմը: «Բարգավաճ Հայաստանը» զորակոչել է հիմնականում ընդդիմության ընտրողների ձայները, եւ մինչ կուսակցություններն ակտիվանում են ընտրություններից ընտրություն, «ԲՀԿ»-ն ակտիվորեն սկսել է աշխատել եւ փոշեկուլի նման հավաքել է այն բոլոր կտորտանքները, որոնք սպասում էին իրենց ժամին: Այս տվյալները երեկ «Ֆորում» ակումբում ներկայացրեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, մինչեւ քարոզարշավի վերջին օրերը անհնար է ճիշտ կանխատեսումներ անել, քանի որ քարոզարշավի ընթացքում շատ բաներ կփոխվեն եւ ընդդիմադիրները կկարողանան հետ վերադարձնել իրենց ձայները: Ահարոն Ադիբեկյանի ներկայացմամբ, ընտրողների 30 տոկոսն է այսօր կողմնորոշված ընտրությունների հարցում, մյուս 30 տոկոսից ավելին չի գնալու ընտրություններին, իսկ մնացած մասն էլ խմորումների մեջ է դեռ:
Կենտրոնի տնօրենի խոսքով, կա կուսակցությունների եւ կուսակցությունների ղեկավարների ռեյտինգներ: Օրինակ, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ղեկավարների վարկանիշներն ավելի բարձր են, քան իրենց կուսակցության. «Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ուժը խելքից պակաս է»: Դաշնակցության պարագայում չկա ցայտուն առաջնորդի վարկանիշ, քանի որ կոլեկտիվ կառավարվող համակարգ է: Տիգրան Կարապետյանի կուսակցությունը խնդիրներ ունի, քանի որ, ըստ Ադիբեկյանի, նրան հակակրողները շատ են եւ պարզ չէ, թե վերջին վայրկյանին ընտրողները կքվեարկե՞ն արդյոք նրա օգտին: Նրա կանխատեսմամբ եւս, խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի արգելքը կհաղթահարեն 8 կուսակցություններ: Ադիբեկյանի խոսքով, այս պահին առաջինը ԲՀԿ-ն է, որը հավաքել է ընդդիմադիրների ձայները, եւ ՀՀԿ-ն, որը ոչ թե զիջել է դիրքերը, այլ պահպանել է ունեցածը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ