«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2007-03-29 | #58, 2007-03-30 | #59, 2007-03-31


ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳԼԽԱՎՈՐԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄՆ Է

«Կտավի երանգները կարող են ավելի շատ բան ասել, քան խոսքերը: Երանգներն արտահայտում են նկարչի էությունը, երազանքներն ու ցանկությունները: Ես համոզված եմ, որ գեղեցիկն ու բարին կփրկեն աշխարհը»:

Երիտասարդ նկարչուհի Զարուհի Թովմասյանի կտավները լի են մարդկային հուզումով, զգացմունքներով ու ներդաշնակությամբ: Նա հանպատրաստից ստեղծագործող է, հիմնականում աշխատում է դասական երաժշտության ներքո, նախընտրում դասական թեմաներ: «Չեմ կարող ասել, թե նկարելու պահին ինչ եմ զգում: Իմ զգացմունքները, հույզերն ու զգացողություններն արտահայտում եմ նկարների միջոցով»:

Զարուհին չի հիշում, թե երբ է սկսվել նրա սերը դեպի նկարչությունը: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիան եւ նկարելը մասնագիտությունից զատ դարձել է նաեւ կենսակերպ:

Մարտի 30-ին Նարեկացի արվեստի միությունում նկարչուհին արվեստասերների դատին ներկայացրեց 17 կտավ: Սա Զարուհու առաջին անհատական ցուցահանդեսն է: Նրա կտավները բազմաժանր ու բազմաբնույթ ենՙ «Դիցաբանական առասպելներից» մինչեւ «Բալետ», «Հունական աստվածներից մինչեւ բնանկարներ»:

«Նկարչության մեջ գլխավորը պրոֆեսիոնալիզմն է: Ինձ հոգեհարազատ են բոլոր երանգները, այդ պատճառով էլ կտավներս գունեղ են: Ես փոփոխական մարդ եմ: Ինքնահաստատման ճանապարհին եմ, բայց հետագայում կցանկանայի իմ խոսքն ասել նաեւ նկարչական այլ ոճերում: Ուզում եմ իմ բնագավառում հասնել բարձունքների, իսկ դրա համար պետք է շատ աշխատեմ: Այնպես որ, ապագայում անելիքներս շատ են»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4