Ապրիլի 1-ի լույս գիշերն անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլ» են շպրտել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի արվարձաններից Սեն-Ժոսում գործող քրդական մշակույթի կենտրոնի շենքի վրա, բռնկվել է հրդեհ, որի հետեւանքով, թեեւ ոչ ոք չի տուժել, սակայն առաջացել են լուրջ ավերածություններ: Արվարձանը մեծապես բնակեցված է օտարերկրացիներով, քրդերը հրդեհի համար պատասխանատու են համարել թուրքերին: Շուրջ 50 քուրդ, հավաքվելով միջադեպի վայրում, դատապարտել են Թուրքիային եւ հնչեցրել հակաթուրքական կարգախոսներ:
Քրդերի վրա են հարձակվել շուրջ 500 թուրքեր: Հակազդեցությունը վերածվել է թուրք-քուրդ բախումների: Բելգիական ոստիկանությունն իսկույն միջամտել է, կողմերին բաժանելու համար օգտագործել է ջրանետ մեքենաներ, իսկ թուրքերը քարեր եւ շշեր շպրտելով, պատասխանել են ոստիկանությանը:
Ըստ «Միլիեթի», բելգիական ոստիկանությունը ձերբակալել է կարգազանցներից ոմանց: Անվտանգության խստացված միջոցառումների շնորհիվ ոստիկանությանը հաջողվել է զսպել կողմերին, կանխելով բախումների հետագա ծավալումը: Հիշեցման կարգով նշենք, որ 1993 թ.-ին նույն արվարձանում հրդեհվել էր Քրդական ինստիտուտի շենքը, ինչը նույնպես տեղիք էր տվել քուրդ-թուրք բախումներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ