Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու նորոգման ավարտը պսակվեց մարտի 29-ին, հայկական պատվիրակության մասնակցությամբ, եկեղեցին որպես թանգարան բացելու պաշտոնական արարողությամբ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, որ գլխավորում էր ճարտարապետ-հնագետներից կազմված պատվիրակությունը, երեկ ճարտարապետների միությունում հրավիրած ասուլիսին Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումը ներկայացրեց այնպիսի ոգեւորությամբ, որ մի պահ քիչ մնաց ամաչեինք, որ չենք նկատում «այդքան ակնհայտ» «մշակութային համագործակցության Թուրքիայից եկող նշմարելի ազդակները»: Դրա վառ ապացույցը, Գագիկ Գյուրջյանի տեսանկյունից, եկող տարի մեկնարկելիք Անի քաղաքի վերականգնման 5-ամյա ծրագրի առկայությունն է: Ազդակների շարքից է նաեւ, ըստ փոխնախարարի, հայկական մի քանի եկեղեցիներ նորոգելու Թուրքիայի պատրաստակամությունը, որը պայմանավորվածության մակարդակում է Դիարբեքիրիՙ Տիգրանակերտի հայկական եկեղեցու նորոգման հարցում: Այս տեղեկությունը ստացվել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանից:
Հայոց պատրիարքի ելույթի համապարփակությունն էլ, որ ներառել է որպես թանգարան բացված եկեղեցում տարին գոնե մեկ անգամ ժամերգություն, կղզում տոնակատարություն կազմակերպելու, Աղթամար կղզու անվան հանիրավի թուրքականացման հարցերը, ի դերեւ է հանել պատվիրակության ղեկավարի նախապատրաստած ելույթը: Չնայած թուրքական կողմը հրավեր է ուղարկել, սակայն ի սկզբանե նման ելույթի հնարավորություն չէր նախատեսել հայկական պատվիրակության համար, բայց տեղում, ըստ Գագիկ Գյուրջյանի, անհնար էլ չի համարել:
«Միլլիեթ» թուրքական պարբերականի հեղինակ Սեմիհ Իդիզը ապրիլի 2-ի համարում Սուրբ Խաչի բացման արարողության բացթողումներին անդրադառնալիս առանձնացնում է 3-ըՙ հին լուսանկարներում պարզորոշ երեւացող գմբեթի խաչը չի դրվել, Հայաստանից ժամանած պատվիրակությունը զրկվել է խոսքի հնարավորությունից, ելույթներում որեւէ կերպ չի նշվել, որ այդ եկեղեցին հայկական ինքնության արտացոլում է, հայկական պատկանելություն ունի: Ելնելով այս ամենից Իդիզը նշում էՙ որքան էլ փորձ արվի, սակայն այս բացթողումների պատճառով Թուրքիան չի կարողանա հանդուրժողականություն դրսեւորող երկրի տպավորություն գործել:
Գնահատելով հանդերձ Կ.Պոլսո պատրիարքի ելույթում նշված հարցերի հնչեցումը, այնուամենայնիվ փաստենք, որ այն ոչ մի կերպ չի կարող դիտվել հայկական պատվիրակության, որ նույնն է, թե պաշտոնական Երեւանի դիրքորոշում, անկախ դրանց լիովին համընկնումից, քանի որ Մեսրոպ Բ Մութաֆյանը Թուրքիայի քաղաքացի է եւ լավագույն դեպքում արտահայտել է տվյալ երկրի հայ համայնքի մոտեցումները: Հանգամանք, որ կարծես մինչեւ օրս էլ նկատի չի առնված հայկական պատվիրակության, հետեւաբար եւ պաշտոնական Երեւանի կողմից: Իսկ պատվիրակության ղեկավարը, փաստելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու ամենայնս գնահատելով պաշտոնական արարողության ընթացքում արտաքին դրսեւորման դիվանագիտությունը, Թուրքիայի մշակույթի նախարարի հետ նկատելի ոգեւորությամբ կտրեց կարմիր ժապավենը, հավուր պատշաճի պատասխանեց լրագրողների հարցերին, վստահացավ մշակութային համագործակցությանՙ Թուրքիայի պատրաստակամության ազդակների առկայությանը, հետդարձի ճանապարհին էլ Անիում կասկած չունեցավ, որ Հայաստանը թեկուզ հասարակական կազմակերպությունների մակարդակով, պետք է մասնակցի վերականգնման աշխատանքներին յուրաքանչյուր հնարավոր դեպքում, այլապես Անին կկորցնենք անվերադարձ: Այս մասին խոսելով, Գագիկ Գյուրջյանը փաստեց, որ ժամանակին Անիում բավականաչափ հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել, ապա անհասկանալիորեն զարմացավ, թե ինչու էս թուրքական կողմը, թեկուզ ծախսերը կրճատելու համար, չի դիմում այդ նյութերն օգտագործելու առաջարկով:
Փոխնախարարի զարմանք-հարցի պատասխանը թերեւս կար ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանի խոսքում. «Անին փորձում են ներկայացնել որպես կոսմոպոլիտ քաղաք եւ իրականացնում են ոչ թե վերականգնում, այլ շինարարություն, ակնհայտ են շեղումներն ու խախտումները Պարոնի պալատի դեպքում եւ երաշխիքներ չկան հետագայում այլ մոտեցումների դրսեւորման»: Ներկայացվածը փոխնախարարը բարեսրտորեն վերագրեց թուրքական կողմի անտեղյակությանը (էսքան էլ անտեղյակ երկիր) եւ ընդգծեց երկու երկրների միջեւ վստահության ձեւավորման կարեւորությունը:
Եվ եթե Սուրբ Խաչի նորոգմանը հայ մասնագետների մասնակցության միջազգային իրավական հիմքը ստեղծվել էր նորոգման աշխատանքների ընթացքումՙ ավարտին մոտ, ապա եկող տարի Անիի վերականգնման աշխատանքների դեպքում իրավիճակը ճիշտ հակառակն է: Թերեւս այս անգամ խնդիրը միմիայն մշակութային չի դիտվի, եւ հայկական մասնագետների խումբը մասնակցության այլ չափանիշ կունենա:
Երեկվա բազմաբանախոս ասուլիսին ներկա էին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակից հայկական պատվիրակության անդամները, որոնք պատվիրակության ղեկավարի գլխավորությամբ հերթով փաստեցին, որ որպես մասնագետ գոհ են Սուրբ Խաչի նորոգման մակարդակից. «Այն կատարված է միջազգային ռեստավրացիոն նորմերին համապատասխան եւ կարելի է գնահատել 4-5 բալ»:
Իսկ քանի բալ կարելի է գնահատել հայկական պատվիրակությունից ստացված մեր տպավորությո՞ւնը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ