Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ քննարկվող երեք հարցերից մեկը ՀՀ վարչապետի պաշտոնի համար թեկնածության առաջադրումն էր: Նիստից հետո, ըստ լրագրողներին տրամադրված տեղեկատվության, ՀՀԿ խորհրդի 69 անդամներից նիստին մասնակցել են 66-ը: Վարչապետի առաջադրման հարցի վերաբերյալ զեկուցել է ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը ներկայացրել է ՀՀԿ գործադիր մարմնի առաջարկը, այն էՙ ՀՀ վարչապետի պաշտոնի համար առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը քվեարկության արդյունքում միաձայն որոշել է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես ՀՀ վարչապետ:
Նիստից հետո լրագրողներին փոքրիկ հարցազրույց տվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Նա նշեց Սերժ Սարգսյանի այն կարեւոր հատկանիշը, որ անհրաժեշտ է վարչապետի պաշտոնի համարՙ փորձառությունը. «Վաղը հանրապետության նախագահը, համաձայն սահմանադրության, ի դեպՙ արդեն սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետք է խորհրդակցություններ ունենա քաղաքական ուժերի հետ, չնայած, կարծում եմ, արդեն ակնհայտ էՙ կոալիցիոն կառավարություն ձեւավորած քաղաքական ուժերը պաշտպանում են պրն Սարգսյանի թեկնածությունը, քանի որ նրանք հայտարարել էին, որ պետք է պաշտպանեն Հանրապետական կուսակցության առաջադրումը: Դրանից հետո, չորեքշաբթի օրը, որը տասնօրյա ժամկետի վերջին օրն է, հանրապետության նախագահը կնշանակի հանրապետության վարչապետ: Քանի որ կառավարության կազմի ձեւավորման համար հատկացվում է 20 օր, վստահ եմ, որ վարչապետ նշանակվելուց հետո պրն Սարգսյանը կհանդիպի լրագրողների հետ, կներկայացնի իր տեսակետը: Հաշվի առնելով ստեղծված եզակի իրավիճակըՙ կառավարության մեջ փոփոխություններ չեն լինի:
Լրագրողներից մեկը հարցրեցՙ արդյոք հնարավո՞ր է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնների համատեղումը. սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս: Ծրագիր ներկայացնելու համար կառավարության ձեւավորումից հետո նախատեսված է եւս 20 օր, ամեն ինչ իր հերթին կարվի, նկատեց Տ. Թորոսյանը: Ըստ նրաՙ Հանրապետական կուսակցությունն այդ շրջանում չի թուլանա, ճիշտ հակառակը, ստեղծված եզակի իրավիճակը խթան կդառնա, որ հանրապետականներն ավելի ամուր, վճռական եւ միասնական լինեն: Կառավարությունում Հանրապետականն ունի մի շարք նախարարներ, հավանաբար նրանք կմնան նույնըՙ մինչեւ նոր ընտրություններ: «Իսկ Սերժ Սարգսյանը, վստահ եմ, որ ամենափորձառուն եւ ամենահարմարն այդ պաշտոնի համար», ամփոփեց Տ. Թորոսյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ