«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2007-03-30 | #59, 2007-03-31 | #60, 2007-04-03


ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Ապրիլի 2-7-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրատարածքային հանձնաժողովները ստուգելու են առաջադրման համար ներկայացրած համամասնականի եւ մեծամասնականի թեկնածուների փաստաթղթերը: Այս ընթացքում գեղեցիկ ժեստ արեց Արշակ Սադոյանը` հանելով իր թեկնածությունը թիվ 12 ընտրատարածքից հօգուտ ընդդիմադիր թեկնածու, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանի: Սակայն այդ ժեստն օրինակ չդարձավ մյուս ընդդիմադիր մեծամասնականների համար, որոնք ընդդիմության ընդհանուր հատվածական մտածողությունը հիանալի արտապատկերել են մեծամասնական պայքարի դաշտում: Մեծամասնական 11 ընտրատարածքներում կարելի է դիտարկել, թե ինչպե~ս են փոշիանալու ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, այդպիսով հնարավորություն տալով իշխանական կուսակցությունները ներկայացնող թեկնածուների ավելի մեծ թիվ նոր խորհրդարանում տեղավորելու, կամ նույնիսկ` երկմտանքի մեջ գցելով հենց ընդդիմադիր ընտրազանգվածին: Վերջինս կարող է մտածել. լավ, եթե ընդդիմադիր թեկնածուն իմ տված ձայնով չի անցնելու, ավելի լավ է այն տամ ասենք` Գագիկ Ծառուկյանին: Է, այսքանից հետո, շատ ընդդիմադիր թեկնածուներ այլեւս ժողովրդի աչքին երեւալու երես չեն ունենա: Սակայն, ի՞նչ ենք ասում գուցե դեռ որոշ թեկնածուներ, այնուամենայնիվ, մտածեն ու մի որոշման հանգե՞ն:

Ահա այն ընտրատարածքները, որտեղ դեռ ընդդիմադիրները պայքարում են իրար դեմ: Թիվ 2 ընտրատարածքում ՕԵԿ-ից Սամվել Ֆարմանյանն ու «Ազգային միաբանությունից» Գարեգին Կոստանյանը, թիվ 4-ում ԱՄ-ից Սարգիս Մուրադխանյանն ու ՕԵԿ-ից Սուրիկ Մամիկոնյանը, Արամ Մանուկյանը ՀՀՇ-ից, թիվ 5-ում ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՍԻՄ-ից Հայկ Բաբուխանյանը, թիվ 6-ում «Դաշինք» կուսակցությունից` Վահան Կարապետյանը, ՕԵԿ-ից` Գագիկ Բաղդասարյանը, թիվ 9-ում` Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Արարատ Զոհրաբյանը (ՀՀՇ), Կարեն Վարդանյանը (ԱԺԴ), թիվ 12-ում` Վարդան Մկրտչյանը (ՀԺԿ), Հասմիկ Բաղդասարյանը (ՕԵԿ), այստեղից Արշակ Սադոյանը հանեց իր թեկնածությունը, թիվ 14-ում` Վարդան Մալխասյանը եւ Արա Խուդավերդյանը («Դաշինք»), թիվ 24-ում «Դաշինքից» Կորյուն Բարսեղյանը, Խորեն Սարգսյանը` ԱՄ-ից, թիվ 31-ում Վիկտորյա Հարությունյանը (Օեկ), Կորյուն Ղարաքեշիշյանը («Դաշինք»), Լարիսա Փարեմուզյանը (ՀԺԿ), թիվ 34-ում` Մարտուն Գրիգորյանը («Դաշինք»), Հրաչ Մելքոնյանը (ՕԵԿ), Լեւոն Գալստյանը (ԱՄ), Սամվել Բալասանյանը (ՕԵԿ), թիվ 41-ում Հակոբ Հակոբյանը (ՕԵԿ), մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Դե հիմա դուք որոշեք` ովքե՞ր են այս թեկնածուներից անցողիկ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4