Թերեւս գոյություն չունի որեւէ հայ, ով չհպարտանա, կամ էլ անթաքույց գոհունակությամբ չարտասանի Թումանյանի անունը, չոգեշնչվի մեծ բանաստեղծի ընդգծված հայրենասիրությամբ ու բարությամբ: Արդեն մի քանի տարի Երեւանի Հյուսիսային համալսարանը կազմակերպում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված գրական օրեր: Թումանյանագետ, համալսարանի հայ գրականության ամբիոնի դասախոս Սուսաննա Հովհաննիսյանը կարեւորում է նմանատիպ միջոցառումների դերը, քանզի դրանք ավելի են մերձեցնում ժամանակակից սերնդի կապը հայ գրականության ու պատմության հետ:
«Անհնար է Թումանյանին չսիրել: Նա ապրում է յուրաքանչյուր հայի սրտում: Թումանյանը հայ ժողովրդի հավաքական կերպարն է, նրա խիղճն ու էությունը: Թումանյանին պետք է միշտ հիշել, ամեն օր, այլ ոչ թե հոբելյանից հոբելյան, որովհետեւ նա է ամենահայ գրողը: Մենք պետք է կարեւորենք գրական-մշակութային միջոցառումների օրերը, որովհետեւ նաեւ այդ ճանապարհով նոր սերունդը ավելի լավ կճանաչի եւ ըստ արժանվույն կգնահատի հայ գրականության ու արվեստի մեծ վարպետներին, հայ ազգային մշակույթը»:
Թումանյանական օրերը կմեկնարկեն ապրիլի 4-ին: Այդ օրը ուսանողները Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կբեմադրեն ժամանակակից մոտիվներով ձեւափոխված «Կռնատ աղջիկ» հեքիաթը: Այնուհետեւ «Թումանյանական օրերը» կշարունակվեն համալսարանի լսարաններում ու դահլիճում: Նախատեսվում են թումանյանական ընթերցումներ, պրոֆեսորադասախոսական գիտական զեկույցներ, ուսանողական հաշվետվություններ եւ բեմադրություններ տարբեր լեզուներով:
Միջոցառումները կավարտվեն ապրիլի 11-ին (1923 թվականին բանաստեղծի աճյունը հողին է հանձնվել ապրիլի 11-ին): Այդ օրը Թումանյանի արձանի մոտ դասախոսները եւ ուսանողները կկարդան բանաստեղծություններ, հրապարակախոսական ստեղծագործություններ, հարգանքի տուրք կմատուցեն մեծ լոռեցուն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ