«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2007-03-30 | #59, 2007-03-31 | #60, 2007-04-03


Killer Queen-ԻՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԻՇԽԱՆՈՒՀԻ

Սյուզի Քենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր գոտին

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 30-ին, ուրբաթ օրը, Քյոլնի արենայում 19 500 ակնդիրներ հոտնկայս ծափերով ողջունեցին բռնցքամարտի թեթեւ քաշային աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանի հաղթանակը. առաջին անգամ էր Համբուրգում բնակվող 19-ամյա Killer Queen անունով հայտնի նախկին հայաստանցի Սյուզին պաշտպանում աշխարհի չեմպիոնության իր գոտինՙ ուրուգվայցի 33-ամյա Մարիա Խոսե Նունես Անչորենայի դեմ մրցամարտում: (Հիշեցնենք, որ Սյուզի Քենտիկյանը աշխարհի չեմպիոն է դարձել 2007-ի փետրվարի 16-ին):

WBA վարկածով թեթեւ քաշայինների աշխարհի չեմպիոնուհին երկրորդ ռաունդի վերջում արդեն գետին տապալեց լատինամերիկացի Անչորենային: Դահլիճը սկսեց «Սյուզի» գոռալ: Իսկ երրորդ ռաունդումՙ փայլուն հաղթանակ տարավ, որը մարզական նրա պրոֆեսիոնալ կարիերայի թվապատկերում հետեւյալ գրանցումն արեցՙ 16 մրցելույթ, 16 հաղթանակ, որից 13-ը նոկաուտով: Իր ուժեղ մրցակցի մասին Սյուզիի կարծիքը լսենք. «Մարիա Խոսե Նունես Անչորենան հրաշալի բռնցքամարտիկ էՙ տիպիկ լատինամերիկացի: Նա համարձակ է, նախահարձակ, բայց ես շատ լավ եմ նախապատրաստվել խաղին: Խելացի կխաղամ, նպատակամղված: Մնացածն ինքնըստինքյան կլինի: Հույս ունեմՙ իմ երկրպագուներին գեղեցիկ շոու մատուցել», ասել էր Սյուզին խաղից առաջ:

1,55 մ հասակ ունեցող 57 կգ քաշային աշխարհի ամենափոքրիկ բռնցքամարտիկը ոչ միայն խոստումը կատարեց, ոչ միայն երկրպագուների շառավիղը ընդլայնեց, այլեւ նրա խաղին «սիրահարված» մեկնաբանների նոր բնութագրումներ էլ վաստակեցՙ «վագրիկ», «պտտահողմ», նաեւ ավելի էլեգանտՙ «բռնցքամարտի իշխանուհի»: Սյուզին շատ դինամիկ խաղ է ցույց տալիս, շատ արագ է, հմայիչ, սա Pro 7-ի հեռուստամեկնաբանն էր ընդգծում: Իսկ շոուն դիտելու եկած հանդիսատեսը շեշտում էր, թե հազիվ թե Սյուզին էներգիայի կորուստ ունենա, նա այնպիսի տեսք ունի, որ կարող է 1 ժամ էլ մնալ ռինգում: «Սյուզին ավելի ուժեղ հակառակորդներ էլ կարող է ունենալ: Նա շատ մեծ էներգիա ունի եւ շատ մեծ բան կարող է անել կանանց բռնցքամարտի զարգացման գործում», խաղի ավարտին կարծիք հայտնեց բռնցքամարտի թագուհինՙ Ռեգինա Հալմիխը: «Ես այնքան տաք եմ, որ կարող եմ ամեն ամիս մրցելույթ ցուցադրել», հաղթանակից անմիջապես հետո Pro 7-ին տված հարցազրույցում ասաց Սյուզի Քենտիկյանը:

Առանց հեռուստամեկնաբանի փոխանցման էլ կարելի էր նկատել, որ Քյոլնի արենայում ներկա Գերմանիայի ամենաուժեղ բռնցքամարտիկիՙ աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմքին գոհունակ ժպիտ կա: «Նրա հաղթական տեսքը վկայում է, թե ուրախ է, որ իր հայրենակիցը հաղթանակ տարավ», շեշտեց Pro 7-ի մեկնաբանը:

«Սյուզին շատ լավ բռնցքամարտիկ է, մեծ պոտենցիալ ունի, մեծ հեռանկար: Եթե ուզենա, Ռեգինա Հալմիխին կգերազանցի:- Մեր հեռախոսազրույցում կարծիք հայտնեց Բեռլինում բնակվող IBFվարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Սյուզին, ինչպես ասում են, համով հայ աղջիկ է, բարեկամություն ենք անում, նրան բոլորն են շատ սիրում: Շատ հպարտ եմ, որ բռնցքամարտի աշխարհի հայ չեմպիոնի կողքին կա նաեւ հայ չեմպիոնուհի: Կաշխատենք մեր ազգի պատիվը բարձր պահել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4