«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2007-03-30 | #59, 2007-03-31 | #60, 2007-04-03


«ԲԵՆՏՈՆԻՏՆ» ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ

Հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի մասնակիցները: Պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակում են բարձրագույն խմբի 7 ակումբներ, ինչպես նաեւ նորաստեղծ «Բենտոնիտը»: Հենց վերջինս էլ, որի կազմը հիմնականում համալրված է լեգեոնականներով, 1/8 եզրափակիչում գլխավոր անակնկալը մատուցեցՙ պայքարից դուրս մղելով Կապանի «Գանձասարին»: Մրցակիցների առաջին խաղում, Կապանում «Գանձասարը» հաղթել էր Իջեւանի նորաստեղծ թիմինՙ շնորհիվ Արթուր Քոչարյանի խփած միակ գոլի: Բնական էր, որ քառորդ եզրափակիչի ուղեգրի հարցը պետք է վճռվեր պատասխան խաղում: Եվ ահա Արարատում կայացած մրցախաղում «Բենտոնիտը» կարողացավ ռեւանշի հասնել «Գանձասարի» նկատմամբ ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: 25-րդ րոպեին հաշիվը բացեց Տիագո Մանուել դե Սոուզը, իսկ ընդմիջումից հետո Կառլեն Աբրամովը վճռեց ուղեգրի բախտըՙ խփելով 2-րդ գոլը:

Այժմ «Բենտոնիտը» քառորդ եզրափակիչում ուժերը չափելու է երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ: Վերջինս 1/8 եզրափակիչում ազատ էր եւ փաստորեն նոր է ներգրավվելու գավաթային մրցավեճում: Ինչ խոսք, այդ հանդիպումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Առաջին խաղում դաշտի տերը «Փյունիկն» է:

1/8 եզրափակչի մյուս հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին: «Արարատը» երկրորդ խաղում էլ հաղթեց «Փյունիկ-2»-ին: Այս անգամ էլ արարատցիները զգալի առավելություն ունեին եւ կարող էին խոշոր հաշվով հաղթել, սակայն չիրացրին գոլային պահերը: «Արարատը» միայն մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը: 17-րդ րոպեին աչքի ընկավ թիմի 36-ամյա վետերան Գագիկ Սիմոնյանը:

Միակ գոլը վճռեց նաեւ «Միկա-2»-«Շիրակ» մրցակցության ելքը: Առաջին խաղում շիրակցիները հաղթել էին 2-0 հաշվով, իսկ այս անգամ գյումրեցիներին հաղթանակ պարգեւեց Վարդան Բիչախչյանի խփած գոլը:

Ինչպես եւ առաջին խաղում, գոլառատ էր «Կիլիկիայի» եւ «Բանանց-2»-ի գավաթի պատասխան հանդիպումը: Այս անգամ բարձրագույն խմբի ներկայացուցիչը հաղթեց 4-2 հաշվով: «Կիլիկիայից» գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Վարդանյանը, Գառնիկ Ղասաբյանը, Ռաֆայել Մկրտչյանն ու Զավեն Բադոյանը, «Բանանց-2»-ից աչքի ընկան Արման Շիրվանյանն ու Ավետիք Ղազարյանը:

Պայքարը կշարունակի նաեւ «Ուլիսը», որը կրկին 2-0 հաշվով առավելության հասավ «Արարատ-2»-ի նկատմամբ: Եվ կրկին 2-րդ գոլը ուլիսցիները խփեցին ավելացված ժամանակում, որի հեղինակը Վարդան Աբրահամյանն էր: Իսկ հաշիվը 57-րդ րոպեին բացել էր Կարեն Նավոյանը:

«Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղում 5 անպատասխան գնդակ էին խփել «Դինամոյի» դարպասը, պատասխան խաղում հաղթեցին 3-1 հաշվով: «Բանանցից» արդյունավետ խաղով աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանը, որը խփեց 2 գոլ: Մեկ գնդակ էլ խփեց թիմի լեգեոնական Անդրեյ Բուրդիյանը: «Դինամոյից» միակ գոլի հեղինակն Արթուր Բարսեղյանն էր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4