«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2007-04-03 | #61, 2007-04-04 | #62, 2007-04-05


ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր միավորված կոմկուսից Յուրի Մանուկյանը, նրա հետ հանդիպման թեման էր իհարկե ընտրություններն ու կոմունիստների դիրքորոշումը ընտրություններին: «Մենք արդեն ասել ենք, որ միավորված կոմկուսը չի մասնակցում ընտրություններին եւ դա ու հետագա մեր գործունեությունը պայմանավորված չէ մյուս կուսակցությունների գործունեությամբ եւ ոչ էլ պարտադրված է որոշակի շրջանակների կամ ուժերի կողմից: Մենք ազատ ենք տնօրինելու մեր վարքագիծը, մեր գործունեությունը ամբողջ նախընտրական եւ ընտրական ժամանակահատվածի համար»: Պրն Մանուկյանը նշեց նաեւ, որ ընտրություններին չմասնակցող մոտ 30 տոկոս ընտրազանգվածի 20 եւ ավելի տոկոսը կումունիստներին է պատկանում, որոնք տանը նստում են, բայց չեն գնում ընտրության, քանի որ հիասթափված են իրենց կուսակցության ղեկավարների վարքագծից: Դրանում իհարկե մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ամբողջ պատասխանատվությունը մեր վրա է, ընդհակառակը, մեղքի բաժին ունենալով հանդերձ այսօր եւս հայտարարում ենք, որ անկախ ընտրությունների արդյունքից, պատրաստ ենք մայիսի 13-ին անմիջապես կայացնել Կոմունիստական կուսակցությունների միավորումը: Եթե միավորվեց, արդեն գաղափարախոսության ամբողջ հզորությունն արտահայտող էլեկտորատը կասի իր խոսքը հաջորդ ընտրություններին», տեղեկացրեց պրն Մանուկյանը: Նա նաեւ նշեց, որ «պետք է վերանայվի ՀՀ սահմանադրությամբ ընձեռված սեփականությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը եւ պետք է ունենանք հանրային ու կոլեկտիվ սեփականություն, որը բացակայում է այսօր մեր երկրում: Ես կուլակաթափություն չեմ առաջարկում, այլ առաջարկում եմՙ տրանսպորտի, կապի, ընդերքի ամբողջ պոտենցիալը լինի պետական վերահսկողության տակ, իսկ դրանից հետո կարեւորներըՙ էներգակիրներն են, սննդամթերքի առանձին տեսակները, դեղամիջոցները... Այսօր մեր պետությունը աղքատ է, որովհետեւ իր բյուջեն մնում է միայն հարկային ու մաքսային մուտքերի հաշվին...»: Այնուհետեւ մանրամասն վերլուծելով ներկա իրավիճակը, այն համարեց ինքնագործ կապիտալիզմ», որը ոչ մի օրենքի շրջանակներում չի տեղավորվում, որը վտանգ է սպառնում պետությանը, ահա այսպես բնորոշեց պրն Մանուկյանը եւ կոչ արեց դիմագրավել հանուն երկրի անվտանգության, ասաց, որ սոցիալիստական բոլոր ուժերի միավորման խնդիր ունեն եւ դրանց միավորմամբ հնարավորություն կտա ԱԺ-ն դարձնել քաղաքական բանավեճի դաշտ, ոչ թե ռազբորկաների կամ տնտեսական լծակների պաշտպան դաշտ: «Ազգի» այն հարցին, թե առաջիկա ընտրություններին ու քաղաքական կուսակցությունները տեղ կգտնեն ԱԺ-ում եւ կոալիցիա կկազմի պրն Մանուկյանը ասաց. «Բարգավաճ Հայաստան» եւ «Հանրապետական» կուսակցությունները միանշանակ իրենց ճիշտ գործունեության ու քարոզչության, ճիշտ քաղաքականության արդյունքում շահեկան վիճակում կլինեն ու մեծամասնություն կկազմեն: Կոալիցիա կկազմեն 3-4 կուսակցություններ: ՀՅԴ նույնպես որոշակի տեղեր կունենա, քանի որ «կոմկուսի բացակայության պայմաններում սոցիալիզմ հասկացողություն ու պատասխանատվությունը մնում է ամբողջ դաշնակցության ուսերին...», նշեց պրն Մանուկյանը եւ ավելացրեց, որ ընդդիմությունից լիարժեք 100 տոկոս ներկայություն չի ակնկալում, բացի Արտաշես Գեղամյանի կուսակցությունից եւ ընդդիմադիրներնՙ «կասկածում եմ, որ լինեն 100 տոկոսով»:

Նախորդ օրվա Գյումրիի քաղաքապետի վրա կատարված մահափորձի փաստը պրն Մանուկյանը համարեց ազգի, պետության ողբեգրություն «կրակոց պետության վրա, որը ամենավիրավորական դեպքն է անցած հետընտրական ժամանակահատվածում եւ չեմ կարծում, որ դա արտաքին դրդապատճառ չունի: Ընդհակառակը, կան ուժեր, որոնք ամեն կերպ ուզում են Հայաստանն աշխարհին ներկայացնել այնպես, ինչպես երեկվա դեպքը... Կատարվածը հենց այնպես մի դիտեք, ոչ մի ռազբորկայի խնդիր չկա այստեղ, կա արտաքին հանձնարարական Հայաստանում իրադրությունը ապակայունացնել, հայ ժողովրդի վարկը գցել ամբողջ աշխարհում... եւ մեր իրավապահ մարմինները համապատասխան խիստ միջոցառումներ չեն իրականացնում եւ դա անհրաժեշտ բարձրության վրա չի դրված, զենքի ու զինամթերքի հավաքագրումները...», ասաց պրն Մանուկյանը եւ պնդեց, որ կատարվածը «դրսի գործ է»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4