«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2007-04-03 | #61, 2007-04-04 | #62, 2007-04-05


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱ՞Ր, ԹԵ՞ ՄԻՋԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ

Գյումրիի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձի, դրա արդյուքնում նաեւ չորս հոգու զոհվելու փաստը, անշուշտ, մարդկային ողբերգություն է։ Իսկ այն, որ հանցագործությունը կատարվել է պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ հենց խորհրարանական ընտրությունների նախօրեին, այն էլ իշխող կուսակցությանՙ ՀՀԿ-ի խորհրդի վերջին նիստից հետո, առաջին պլան է մղում հետեւյալ հարցադրումը. ինչքանո՞վ էր հանցագործությունը պայմանավորված առաջիկա խորհրդարանական ընտրություններով եւ հատկապես միջկուսակցական հարաբերություններով։

Այն փաստը, որ դեպքը տեղի էր ունեցել ՀՀԿ խորհրդի նիստից հետո, որեւէ բանի մասին չի կարող խոսել, որովհետեւ հանցագործությունը կարող էր տեղի ունենալ, ասենք, որեւէ ռեստորանից տուժողների դուրս գալուց հետո, սակայն դարձյալ քաղաքական կամ քրեական դրդապատճառներ ունենալ։ Նման բան կարելի կլիներ մտածել, եթե տրվեր մի շատ պարզ հարցի պատասխան. այդ դեպքում ինչո՞ւ հենց Գյումրու քաղաքապետը եւ ինչո՞ւ ուղեկցողների ողջ բանակով հանդերձ։ Ավելին. ինչո՞ւ քաղաքապետի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաների վրա կրակահերթ է բաց թողնվում հենց Գյումրու ճանապարհին։ Վարդան Ղուկասյանըՙ Գյումրու քաղաքապետը, ՀՀԿ-ում որոշում կայացնողների նեղ շրջանակից չէ, թեեւ բավականին լավ հարաբերություններ ունի հատկապես ՍերԺ Սարգսյանի հետ։ Նա ընդամենը այդ որոշումները իրականացնող է, ինչը հուշում է, որ եթե խնդիր դրված լիներ ահաբեկել կուսակցությանը, ապա նման տրամաչափի գործչին «հեռացնելով» այդ նպատակին հաստատ հնարավոր չէր հասնել։ Եվ դժվար թե ՀՀԿ-ին ցայտնոտի մեջ գցելու ձգտում ունեցող այդ եթերային քաղաքական ուժերը հաշվի չառնեին այդ փաստը։ Բացի դրանից դեպքի նկատմամբ ՀՀԿ-ի բավականին հավասարակշռված ու սպաողական վերաբերմունքը կարծես ցույց էր տալիս, որ, իսկապես, քաղաքապետի մահափորձով հնարավոր չէ սասանել կուսացությունը։

Այսուհանդերձ ՀՀԿ-ին իսկապես անհրաժեշտ է, որպեսզի հանցագործությունն արագ բացահայտվի։ Ինչպես եւ անցած տարեվերջին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համայնքապետի սպանությունից հետո, այս անգամ էլ փորձեր են արվում դեպքը կապել ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» հարաբերությունների սրացման հետ։ Հանցագործության բացահայտումը կտա նաեւ այդ հարցի պատասխանը։ Սակայն պետք է նկատել, որ այս առնչությունները հիմնավորող փաստարկները չափազանց թույլ են եւ քննադատության չեն դիմանում։ Նախՙ դժվար թե ԲՀԿ-ում «խելագարության կանխավարկածով»-(արտահայտությունը մերը չէ-Գ.Ա.) տառապողներ կան, ովքեր վարչապետի մահից հետո կփորձեին նման մեթոդներով լարեր ներքաղաքական մթնոլորտը եւ նպաստել իշխանությունների համար քաղաքական գործընթացներն անվերահսկելի դարձնելուն։ Որովհետեւ նման իրավիճակ առաջանալու դեպքում ԲՀԿ-ն գուցե ավելի շատ բան կորցներ, քան հենց ՀՀԿ-ն։

Բացի դրանից Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուի կողմից ընտրությունների արդյուքները վիճարկելու մասին դատարան ներկայացրած հայցադիմումը ետ վերցնելու քայլը որոշ կերպով պատասխանում է այդ հարցին։ Անհնար է պատկերացնել, որ ՀՀԿ-ի հետ ընտրություններում հաղթելու համար «կենաց-մահու» կռիվ տվող կուսակցության ներկայացուցիչը ընթացքից հրաժարվի դատական կարգով ընտրությունների արդյուքները բողոքարկելուց, բայց միջկուսակցական խնդիրները ԲՀԿ-ն որոշի լուծել Երեւան-Աշատարակ ճանապարհահատվածին։ Մինչդեռ բուն Գյումրիում Վարդան Ղուկասյանի հեղինակությունը ժողովրդականությունը չափազանց հեղհեղուկ է, եւ ընդհանրապես չի կարելի բացառել, որ հանցագործությունն ընդամենը քրեական հաշվեհարդար էր, որն իրականացվել է վերոնշյալ իրողությունները շատ մանրակրկիտ կերպով հաշվի առնելու ու վերլուծելու արդյուքնում։ Բնականաբար հանցագործները չէին կարող հաշվարկած չլինել, որ ՀՀԿ-ի համար չափազանց նյարդային նախընտրական այս շրջանում հանցագործությունը պետք է որ քաղաքական երանգներ ընդուներ եւ գուցե իրավապահների նկատմամբ հենց քաղաքական ճնշումների շնորհիվ շեղվեր նախաքննության ուղղությունը։

Ինչեւէ, վերջին խոսքը իրավապահներինն է, եւ պետք է հույս ունենալ, որ այն չի ուշանա։ Խնդիրն այն է, որ նման դեպքերը լրջորեն ստվերում են ընտրությունների ողջ ընթացքը, անկախ այն հանգամանքիցՙ որքանո՞վ կապ ուներ ընտրությունների հետ։ Իրավապահների դանդաղկոտությունը, կամ չբացահայտված աղմկահարույց հանցագործությունների թիվը եւս մեկով ավելացնելն ընդհանրապես հասարակությանը զրկելու են անվտանգ լինելու գիտակցությունից եւ երաշխիքներից։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4