ՀԿ-ների դաշինք հանուն հաշմանդամների շահերի պաշտպանության
Եթե աշխարհում հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող շարժումն սկսվել է 1960-ական թվականներին, ապա Հայաստանում համակարգված սկզբի նշաններ ցույց տվեց ընդամենը երեկ: Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում գործող հաշմանդամների խնդրով հետաքրքրված 14 կազմակերպություններ միավորվել են եւ կազմել դաշինք: «Հույսի կամուրջ» եւ միջազգային «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունների ջանքերով սկսվել է «Կյանքի առողջ սկիզբ» կոչվող ծրագրի իրականացումը: Դրա առաջին քայլերից է կոչըՙ ուղղված ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին: Վերջիններիս հորդորում են հաշվի առնել հաշմանդամների ընտրություններին մասնակցելուն խոչընդոտող պայմանները, քարոզարշավի անմատչելիությունը եւ նպաստել դրանց վերացմանը, ինչպես նաեւ հետեւողական լինել հաշմանդամների խնդիրների լուծման գործում:
Դաշինքի խնդիրների մասին երեկ լրագրողներին հաղորդեցին «Հույսի կամուրջ» եւ «Փարոս» ՀԿ-ների նախագահներ եւ դաշինքի համանախագահներ Սուսաննա Թադեւոսյանը եւ Սուրեն Օհանյանը: Իսկ նրանց տարածած բուկլետում կարդում ենք, որ դաշինքի խնդիրների թվում են աջակցությունը, որ հաշմանդամ անձինք մասնակցություն ունենան իրենց իրավունքների պաշտպանության եւ որոշումների կայացման գործընթացներին: Ուշադրության կենտրոնում է պահվելու նաեւ Հայաստանում հաշմանդամ անձանց խնդիրների լուծման համակարգված մոտեցմանը:
Մինչ այդ բաղձալի գործերի իրականացումը հայաստանյան կարեւորագույն իրադարձությունն է առջեւումՙ խորհրդարանական ընտրությունները: Դրա համար դաշինքի անդամները կոչ արեցին քաղաքական կուսակցություններին իրենց նախընտրական քարոզարշավները զուգահեռել սուրդոթարգմանությամբՙ խուլերին հասկանալի լինելու համար: «Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանը տեղեկացրեց, որ մեկ-երկու քաղաքական կուսակցություններ խոստացել են հետեւել այդ հորդորին: «Կյանքի առողջ սկիզբ» ծրագրի շրջանակներում տպվելու են «խոսող գրքեր», որոնք հաշմանդամ մարդկանց հնարավորություն կտան իմանալու, թե որ կետի տակ որ կուսակցությունն է նշված:
ՀՀ-ի մոտ 2000 ընտրատարածքներում կտեղադրվեն հատուկ կաղապարներ կույրերի համար, որոնց շնորհիվ նրանք ինքնուրույն քվեարկելու հնարավորություն կստանան: Հատուկ ճեղքերն ու կետիկները կդյուրացնեն կույրերի գաղտնի քվեարկելը: Այս մասին ասուլիսի ընթացքում հաղորդեց Ալբերտ Աբգարյանըՙ ընտրող, որ ինքն էլ պետք է օգտվի այդ նորամուծությունից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ